Վերջին օրերին Կոմիտաս 5ա հասցեի հարակից տարածքումբողոքի ակցիաներ են ընթանում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման աշխատանքների դեմ: Շենքը կառուցում է «ԼԻԲԵՐ» ընկերությունը, որի տնօրեն Էդվարդ Քեշիշ Աբրամի հետ էլ զրուցել է NEWS.am-ը:

Պարոն  Աբրամ, նախ ճշտենք, թե ըստ Ձեզ ո՞րն է խնդիրը, հատկապես ինչի՞ց են բողոքում քաղաքացիները, արդյո՞ք հնարավոր չէ գտնել փոխզիջումային տարբերակ:

Անկեղծ ասած ինձ համար եւս, մեծ հաշվով, անհասկանալի է, թե ո՞րն է նման աղմուկի պատճառը: Անհասկանալի է, որովհետեւ երբ դեռեւս 2004 թվականին, երբ «Լիբեր» ընկերությունը ձեռք է բերել Երեւանի էլեկտրատրանսպորտի թիվ 3 քարշիչ ենթակայանին սեփականության իրավունքով պատկանող այդ տարածքը, ստացել է նաեւ 18 հարկանի 54 մետր բարձրությամբ շենքի կառուցման շինթույլտվություն, որը ինչ-ինչ պատճառներով չի իրականացվել: 2009 թվականին տվյալ ընկերության սեփականատեր եմ դարձել ես ու մեկ անգամ եւս դիմել ենք Երեւանի քաղաքապետարան եւ ստացել ենք 14 հարկանի 48 մետր բարձրությամբ շենքի կառուցման շինթույլտվություն: Ի դեպ, շինթույլտվության տրամադրման պարտադիր նախապայման է հանդիսացել նաեւ կառուցապատողի կողմից նոր ենթակայանի կառուցումը, որն էլ սկսեցինք իրականացնել անցյալ տարի: Այդ ժամանակ էր, որ եղավ բնակիչների առաջին բողոքը, որ 14 հարկանի շենքի կառուցումը կփակի իրենց շենքի լույսը: Նրանք դիմեցին քաղաքապետարան ու թույլտվությունը կասեցվեց: Դրանից հետո քաղաքապետարանում կազմակերպվեց հանդիպում բնակիչների հետ, որի շրջանակում համաձայնություն ձեռք բերվեց, որ շենքը կառուցվի բնակիչների կողմից փոխընդունելի տարբերակով եւ հարկայնությամբ: Ըստ այդմ, վերանայվեց նախագիծն ու մեզ տրամադրվեց 7 հարկանի 24 մետր բարձրությամբ շենքի կառուցման թույլտվություն, ինչը ընդունելի համարվեց նաեւ բոլոր բնակիչների կողմից: Սա է ամբողջ պատմությունը եւ հենց դա է պատճառը, որ ինձ համար անհասկանալի է ներկայիս իրավիճակը:

Իսկ այդ համաձայնության ձեռքբերումից հետո Դուք ի՞նչ քայլեր եք ձեռնարկել: Ասենք, հանդիպում, քննարկում ունեցե՞լ եք բնակիչների հետ:

Նախ, ինչպես ասացի, շինթույլտվության տրամադրման պարտադիր նախապայման էր նոր քարշիչ ենթակայանի կառուցումը, որը սկսեցինք եւ ավարտեցինք: Կառուցել ենք պահանջվող նորմերին համապատասխանող ենթակայան՝ ամբողջովին նորերով փոխարինելով ինչպես հին սարքավորումները, այնպես էլ ավելի քան 70 տարվա վաղեմության եւ բնակիչների կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող բարձր լարման սնուցող բոլոր հաղորդալարերը: Ավելորդ չեմ համարում նաեւ նշել, որ համաձայն սահմանված նորմերի, ենթակայանը բնակելի շենքերից պետք է լինի առնվազն 9 մետր հեռավորության վրա, մինչդեռ այս նոր ենթակայանը հեռու է 14 մետր: Ինչ վերաբերում է բնակիչների հետ մեր հարաբերություններին, ապա պետք է նշեմ, որ դրանք մինչեւ այս պահը եղել են բարիդրացիական: Դրա ամենախոսուն օրինակը հենց այն է, որ նրանց հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, նոր ենթակայանի կառուցմանը զուգահեռ, մեր միջոցների հաշվին, ամբողջովին նորերով ենք փոխարինել Կոմիտաս 5ա եւ Կոմիտաս 7 շենքերի ջրագծերն ու կոյուղատար համակարգը: Բացի այդ, նորոգել ենք Կոմիտաս 5ա շենքի բոլոր շքամուտքերը, բարեկարգել եւ ասֆալտապատել ենք շենքերի եւ ենթակայանի հարակից տարածքները: Եվ այդ ամենը գոհունակությամբ է ընդունվել բնակիչների կողմից:

Լավ, իսկ հիմա ըստ Ձեզ խնդիրը ո՞րն է, որ այսպիսի աղմուկ է բարձրացվում շենքի կառուցման հետ կապված:

Անկեղծ, չեմ կարող ասել: Ինձ համար իրոք անհասկանալի է այս ամենը: Ի վերջո հենց նրանց պահանջով է, որ մենք 14 հարկը կրճատել եւ դարձրել ենք 7 հարկ՝ համապատասխանաբար կիսելով նաեւ շենքի բարձրությունը՝ 48 մետրից դարձնելով 24 մետր: Ավելին, այն բոլոր վերը նշածս ծախսերը, որ կատարել ենք բնակիչների պահանջով, եւս մեկ ապացույց է, որ մենք նորմալ հարաբերվել ենք նրանց հետ: Ու բոլոր այս փաստերը համադրելով՝ ինձ ուրիշ բան չի մնում, քան կասկածել, որ այս օրերին կազմակերպվող բողոքի ակցիաները ինչ-որ ուժերի կողմից անհարկի ու անհիմն շահարկումներ են, ոչ ավելին: Ի դեպ, ավելորդ չեմ համարում նաեւ նշել, որ եթե 2012-ին բողոքով հանդես էին գալիս Կոմիտաս 5ա շենքի բոլոր բնակիչները, ապա այսօր բողոքողների շարքում նրանցից միայն մեկ-երկուսն են, մյուսները քաղաքական ու հասարակական ինչ-որ նախաձեռնությունների ներկայացուցիչներ եւ իրենց ակտիվիստ հռչակածներ են: Եզրակացությունները թողնում եմ Ձեզ: