Ադրբեջանական կառավարությանն արված Ռուսաստանի առաջարկի էությունը ղարաբաղյան հարցը զուտ ռուսական կառույցների շրջանակում, մասնավորապես` Եվրասիական միության, ինչպես նաեւ Մաքսային միությանը Ադրբեջանի միանալու շրջանակում վերանայելն էր: Այս մասին գրված է իրանական «Iras» լրատվամիջոցում հրապարակված «Պուտինի Ադրբեջան այցի պատճառները. Էներգետիկայից մինչեւ աշխարհաքաղաքականություն» վերնագրով հոդվածում, որի թարգմանությունը հրապարակել է inosmi.ru-ն:
Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունների նախաշեմին Պուտինի այցը Բաքու վկայում է, որ Ռուսաստանը կայանալիք քվեարկությունը , նաեւ` ընդդիմադիր կուսակցությունների եւ գործիչների նկատմամբ տեղի իշխանությունների վերաբերմունքը համարում է Ադրբեջանի ներքին գործը եւ չի պատրաստվում միջամտել:
Հոդածագիրը նշում է, որ թեեւ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հավասարակշռություն է պահում, այն ավելի հակված է արեւմտյան կառույցներին, ինչը թուլացնում է Ռուսաստանի դիրքերը:
«Ավելին, Հարավային Կովկասի ռազմավարական գոտում Ռուսաստանն արդեն զրկվել է Վրաստանի աջակցությունից, իսկ Հայաստանը հարեւան անկախ հանրապետություններից զգալիորեն քիչ առավելություններ ունի, ընդ որում` ոչ մի երաշխիք չկա, որ Երեւանը միշտ ընդունելու է ռուսական գերիշխանությունը:
Այնուամենայնիվ, Ադրբեջանը… միաժամանակ սպառնալիքներ եւ հնարավորություններ է ստեղծել Ռուսաստանի համար», - ասված է հոդվածում:
Նաեւ նշվում է, որ թեեւ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, քսանամյա գործունեությունը ցույց է տալիս, որ այդ երկիրն այնքան էլ չի ցանկանում տվյալ հակամարտությունը կարգավորել Արեւմուտքի հետ համագործակցության ձեւաչափով:
«Միանգամայն ակնհայտ է, որ ադրբեջանական կառավարությանն արված Ռուսաստանի առաջարկի էությունը ղարաբաղյան հարցը զուտ ռուսական կառույցների շրջանակում, մասնավորապես` Եվրասիական միության, ինչպես նաեւ Մաքսային միությանը Ադրբեջանի միանալու շրջանակում վերանայելն էր », - ասված է հոդվածում:





























