Օգոստոսի 20-21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական շրջայցն է կատարել հյուսիսարեւելյան սահմանագոտի: Նախարարին ուղեկցել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Սեյրան Օհանյանը այցելել է բանակային զորամիավորման մի շարք զորամասեր, ծանոթացել է զորամասերում իրականացվող շինարարական աշխատանքներին, եղել է զորանոցներում: Առանձնակի ուշադրության են արժանացել ստորաբաժանումներում գործող օժանդակ կառույցների շինությունների պահպանման եւ վերանորոգման աշխատանքները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է նաեւ զորամասերում գործող զինվորական ճաշարանների շենքային եւ սանիտարահիգենիկ պայմաններին, նախաճաշել է զինվորների հետ:

Իր եւ պաշտպանության նախարարության ղեկավարության անունից ողջունելով զինծառայողներին Ս.Օհանյանը նշել է. «Երբ ես այցելում եմ առաջնային գիծ, ինձ համար տարբերություն չկա, ես աջակցում, խրախուսում եմ եւ առաջնագծում կանգնած զինվորին եւ առաջնագծի խաղաղ բնակչությանը, որոնք, ըստ էության, մեր երկրի զինվորներն են եւ ամեն պահի կանգնած են զինվորի կողքին, իսկ զինվորը կանգնած է նրանց կողքին»: Նախարարը նշել է, որ «վերջին տարիներին ձեր զորամիավորումում նվազել են դժբախտ պատահարները, կանոնակարգվել են միջանձնային հարաբերությունները»: Ս.Օհանյանը պատասխանել է նաեւ զինծառայողների հարցերին:

Նախարարը մարտական հենակետերում ստուգել է պաշտպանական եւ ինժեներական կառույցների հուսալիությունը, ծանոթացել է զինծառայողների մարտական պատրաստությանը, բարոյահոգեբանական վիճակին, հետաքրքրվել զինվորների առօրյայով, կենցաղային պայմաններով: Սեյրան Օհանյանը մի շարք սպաների եւ զինվորների պարգեւատրել է թանկարժեք նվերներով:

Շրջայցի ավարտին աշխատանքներն էլ ավելի արդյունավետ իրականացնելու համար պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել զորամիավորման ղեկավարությանը: