Մաքսային միության ստեղծման նպատակն առաջին հերթին Ղազախստանն ու Բելառուսը չէին, այլ հենց Ուկրաինան: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա` ռուս-ուկրաինական հարաբերություններում այս պահին հերթական «պատերազմն» է տեղի ունենում` մաքսային կամ տնտեսական «պատերազմ»:  «Տարբեր ժամանակներում այդ պատերազմների պատճառները տարբեր են եղել, այժմ պատճառը Վիլնյուսի առթիվ ծագած սկանդալն է: Նման պատերազմները տեղի են ունենում, քանի որ Ռուսաստանն իսկապես ցանկանում է Ուկրաինան տեսնել Մաքսային միությունում, իսկ Ուկրաինան երկիր է, որը չի ցանկանում դրան գնալ», - նշել է քաղաքագետը` հավելելով, որ վերջինս պատրաստ է ցանկացած բան ասել, սակայն իրականում պատրաստ չէ տնտեսական ոլորտում նման համագործակցության:

Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Ուկրաինան Վիլնյուսում կստորագրի ԵՄ-ում ասոցիատիվ անդամակցության մասին համաձայնագիրը, ինչից հետո այլ սկանդալների նման այս մեկն էլ կհանդարտվի:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, քաղաքագետի հիշեցմամբ, Հայաստանն Ուկրաինա չէ:

 «Հայաստանը Ռուսաստանի հետ  սահման չունի, Հայաստանը Ռուսաստանի համար համեղ «գազար» չէ, այլ` ծախս: Հայաստանը որեւէ ինտեգրացիոն կառույցում ընդգրկելը նշանակում է պահել այն, իսկ Ուկրաինան նման միությունում ընդգրկելը դրանից ինչ-որ բան ստանալ է ենթադրում», - հայտարարել է փորձագետը եւ ընդգծել, որ Հայաստանը  Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ չի գտնվում եւ դրա տարածքով գազատարներ չեն անցնում:

Նշենք, սեպտեմբերին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կկայանա ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը, որի ընթացքում Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման մասին համաձայնագիր կստորագրվի: