Վերջերս Ադրբեջանի տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացի, շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանի խնդրով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ քայլեր ձեռնարկելու հայ զինվորի ազատ արձակման եւ Հայրենիք վերադարձնելու համար: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Նա նշել է, որ մեկ այլ գրությամբ Վեհափառ Հայրապետը այս հարցում խնդրել է նաեւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի միջնորդությունը Ադրբեջանի իշխանությունների առջեւ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Մեկ օր անց նրան Բաքու են տարել: Միայն օգոստոսի 20-ին Կարմիր Խաչին հաջողվել է հանդիպել հայ ռազմագերուն:





























