Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ պայքարող ակտիվիստներից մեկին` երեկ երակները կտրած Անուշավան Պետրոսյանին ծեծի են ենթարկել: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Ականատեսները մեր թղթակցին պատմել են, որ եղել է քաշքշոց, որի ժամանակ հարվածել են վերջինիս, այժմ Անուշավան Պետրոսյանի վիճակը նորմալ է, ճակատից հոսող արյունը դադարեցրել են: Անբուշավան Պետրոսյանը այժմ գնացել է ոստիկանության Արաբկիրի բա-ին հայտարարություն տալու համար: Առակժմ անհայտ է, թե ով է ակտիվիստին ծեծի ենթարկել: Մեր թղթակցի հետ զրույցում ակտիվիստներից մեկը նշեց, թե ասում են` նրան հարվածել է Արաբկիրի թաղապետարանի կենսաթոշակային ֆոնդում աշխատած մեկը, ում մականունը «Քեռի» է:

Այժմ Կոմիտաս 5 հասցեում զոդման աշխատանքներ են կատարում, ամրացնում են պարիսպը:

Նշենք, որ Կոմիտաս 5 հասցեում պատրաստվում են կառուցել 10 հարկանի նորակառույց շենք, որը լրիվ փակում է այդ բակի շենքերի արեւը, մուտքը, լույսը: Այստեղ շինարարությունը սկսել են մի քանի տարի առաջ, բայց բնակիչների բողոքի արդյունքում դադարեցրել էին այն, իսկ վերջին երկու շաբաթների ընթացքում նորից վերսկսել: Շինարարությունն ուղեկցվել է բնակիչների, ակտիվիստների բողոքի ակցիաներով, երբեմն նաեւ նրանց եւ ոստիկանների միջեւ բախումներով:  Լուսանկարը` Վարդան Հակոբյանի «Ֆեյսբուքի» էջից