Հայաստանում գիտության ֆինանսավորման պրոբլեմատիկան վերջերս շատ սուր քննարկվում է զանազան ֆորումներում եւ զանգվածային լրատվության միջոցներով: Ինչպե՞ս ապահովել գիտության նորմալ ֆինանսավորումը զարգացող տնտեսության  եւ բյուջետային ֆինանսավորման  անբավության պայմաններում: NEWS.am-ը բազմիցս անդրադարձել է այդ խնդրին, մասնավորապես, վերջերս մենք գրել էինք մի քանի երիտասարդ աստղաֆիզիկոսների (որոնցից երկուսն աշխատում են արտասահմանում) Երեւանի պետական համալսարանում ուսուցման գործընթացի արդիականացման վերաբերյալ նախաձեռնության մասին: 

Հայրերի եւ որդիների խնդիրը հայկական աստղաֆիզիկայում 

Ի թիվս այլ առաջարկների նրանք նշել էին նաեւ արտասահմանյան մասնագետներին Հայաստանում դասավանդման հրավիրելու խնդիրը: Այդպիսի օրինակներ այսօր Հայաստանում շատ քիչ են, սակայն հայրենական եւ արտասահմանյան գիտնականների համագործակցության օրինակները, դրսից ֆինանսավորվելու դեպքում, քիչ չեն, եւ դա հայկական գիտության վերընձյուղման  հնարավորություններից մեկն է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսոր Արմեն Սեդրակյանը պատմեց գերմանական տնտեսության (տվյալ դեպքում մեքենաշինական  Volkswagen կոնցեռնի) ներդրման մասին տարածաշրջանում, եւ մասնավորապես Հայաստանում` գիտության զարգացման համար: Այդ ներդրումն արտահայտվում է դրամաշնորհների տեսքով համատեղ հետազոտությունների համար հայ եւ գերմանացի գիտնականների միջեւ ճշգրիտ եւ հումանիտար գիտությունների բոլոր ոլորտներում։ Դրամաշնորհները տրամադրում է Volkswagen foundation գիտական հիմնադրամը: Արմեն Սեդրակյանը իր գործընկեր Դիրկ Ռիշկեի հետ նեյտրոնային աստղերի աստղաֆիզիկայի նախագծի ղեկավարներն են գերմանական կողմից: Հայկական կողմից ներգրավված են ԵՊՀ պրոֆեսոր Կարեն Շահբազյանը, գիտաշխատողներ Հովիկ Գրիգորյանը եւ Մեխակ Հայրապետյանը, ինչպես նաեւ ասպիրանտ Նարինե Այվազյանը: Ըստ Ա.Սեդրակյանի Volkswagen Foundation-ի նախագծերի  ֆինանսսավորման պայմաններից մեկը` երիտասարդ մասնագետների  մասնակցությունն է: Նախագծի ֆինանսավորման ընդհանուր գումարը երեք տարվա համար (2011 – 2013)` 22 միլիոն դրամ է, որից 15 միլիոն դրամը անմիջականորեն ուղղվում է գիտնականների վարձատրությանը, իսկ մնացած գումարը ծախսվում է փոխադարձ այցելությունների, համակարգիչների գնման եւ այլ նպատակների համար:

Նախագծի ուսումնասիրման առարկան կոմպակտ օբյեկտների աստղաֆիզիկան է, իսկ ավելի ճիշտ, նեյտրոնային աստղերի ընդերքում կվարկային նյութը` բացարձակպես նոր մի ուղղություն աստղաֆիզիկայի մեջ: «Պատկերացրեք, եթե վերցնենք արեւը եւ սեղմենք այն մինչեւ Երեւանի չափերը` դա կլինի նեյտրոանային աստղ: Այսինքն, դրանք վիթախարի զանգվածներ են շատ փոքր ծավալով։ Այդ աստղերը գերխիտ են:  Մատերիան այդ վիճակում գոյություն ունի միայն այդ աստղերի ընդերքում եւ բնության մեջ ոչ մի այլ տեղ չի պատահում: Այն կարելի է ստանալ փորձարարական եղանակով, արագացուցիչի մեջ բախելով երկու ծանր միջուկ: Մենք փորձում ենք հետազոտել այդ աստղերի մատերիան, ունենալով տվյալներ դրանց ճառագայթման մասին» – այսպիսին է կարճ նկարագրությունն այն բանի, ինչով զբաղվում են նախագծի մասնակիցները:

«Ինձ հրավիրել էին Հաննովեր կոնֆերանսի, ուր մասնակցություն ունեին նաեւ նախագծերի համակարգողները Միջին Ասիայի, Հարավային Կովկասի եւ Աֆրիկայի երկրներից, եւ այնտեղ նշվում էր, որ շատ երկրներում մեծ խնդիրներ են ծագում իրականացման ժամանակ` պետք է կաշառք տալ համալսարանների ղեկավարությանը: Մեզ մոտ այդպիսի խնդիրներ չկան», - պատմեց Արմեն Սեդրակյանը:

Volkswagen Foundatin- ի  կողմից գիտությանը սատարելու մեկ այլ կողմնակի միջոցը` Հայաստանում միջազգային կոնֆերանսների ֆինանսավորումն է: Երեւանում սեպտեմբերին  կկայանա միջազգային աստղաֆիզիկական կոնֆերանս, նվիրված աակադեմիկոս Գուրգեն Սերոբի Սահակյանի 100- ամյակին: Ծախսերի հիմնական մասը իր վրա կվերցնի հիմնադրամը: Կոնֆերանսի կազմակերպմանը մասնակցում են նաեւ Երեւանի պետական համալսարանը եւ գիտության Պետական կոմիտեն, որոնք օգնում են, ինչպես ասվում է , իրենց հնարավորությունների չափով:

Արմեն Սեդրակյանը հատկապես նշեց այն փաստը, որ Volkswagen-ը նպատակաուղղված միջոցներ է ներդնում հենց Հարավային Կովկասում, մասնավորապես,  Հայաստանում գիտության զարգացման համար, այնինչ մյուս հիմնադրամների գործունեության մեջ այդպես վառ արտահայտված աշխարհագրական ուղղվածություն չկա: Ավտոարտադրության մյուս խոշոր ընկերությունները, ասենք Mersedes- ը կամ BMW-ն որոշակի բարեգործական ծրագրեր են իրականացնում, բայց  կոնկրետ գիտության մեջ ներդրում չեն անում այն ծավալներով, ինչպես Volkswagen-ը: Volkswagen ընկերության բաժնեմասերի վերահսկողական  փաթեթը պատկանում է պետությանը, Ներքին Սաքսոնիա մարզին, եւ հենց պետությունն է գիտության համար ներդրումներ անում:

Մեկնաբանելով երիտասարդ աստղաֆիզիկոսների նամակը, Արմեն Սեդրակյանը նկատեց, որ պնդել, թե իբր արտասահմանյան մասնագետները կգան Հայաստան դասավանդելու` իրատեսական չէ, քանզի Հայաստանն ի վիճակի չէ վարձատրելու նրանց ըստ արտասահմանյան չափանիշների։  (Ինքը՝ Արմեն Սեդրակյանը Երեւանում մնալու ընթացքում հասարակական հիմունքներով մասնիկների աստղաֆիզիկայի կուրս է դասավանդում վերջին կուրսերի ուսանողներին): Բացի այդ նա համարում է, որ երիտասարդ մասնագետներին  ոչ մեկը չի խանգարում, որ գիտությամբ զբաղվեն, հոդվածներ տպեն եւ բարձր պահեն հայկական գիտության դրոշը, թեպետ նա լավ գիտի, որ կան օբյեկտիվ դժվարություններ: Սակայն երբեմն նա այնպիսի տպավորություն է ստանում, որ ձեռքերը քշտած աշխատանքի անցնելու փոխարեն, շատերը գերադասում են բողոքել ավագ սերնդից, ղեկավարությունից եւ այդպես շարունակ: «Իհարկե, ճշմարտությունը գտնվում է ոսկե միջինում», - եզրափակում է Արմեն Սեդրակյանը:

Անահիտ Սարգսյան