Այսօր արդեն երկրորդ օրն է, ինչ ազատամարտիկները Վանաձորի կենտըրոնական հայքի հրապարակում նստացույց են իրականացնում՝ այդկերպ պետական մարմինների ուշադրությունը հրավիրելով իրենց խնդիրների վրա, որոնք, նրանց իսկ բնորոշմամբ, շատ են: NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ, ազատամարտիկներին է մոտեցել նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով ջերմ զրույց է ունեցել ազատամարտիկների հետ, ապա վստահեցրել, որ միշտ պատրաստ է օգտակար լինել նրանց, սակայն միեւնույն ժամանակ մարզպետը տեղեկացրել է, որ իրենց բարձրացրած խնդիրները մարզային մասշտաբով լուծել հնարավոր չէ:
Երեւանից եկած ազատամարտիկներին են միացել նաեւ Վանաձորի ազատամարտիկները, ովքեր մեր թղթակցի հետ զրույցում նշել են, որ այսօր պետությունը իրենց ոչնչով չի օգնում, եւ իրենք արհամարհված են:
Վոլոդյա Ավետիսյանի փոխանցմամբ՝ իրենց ուզածը միայն մի բան է, որ նախ խաղաղություն լինի եւ հետո հարգեն իրենց ու չարհամարհեն: «Ես ոչ նպաստ եմ ստանում, ոչ թոշակ, ոչ էլ մի կոպեկ, բոլոր թղթերն ունեմ, եթե որեւէ մեկը կարող է ասել, որ ինձ օգնել է, ես կհանձնվեմ…..ինձ մենակ իմ մարտական ընկերներն են օգնում»,-ասել է նա:
Լուսանկարները`Էդվարդ Արզումանյանի





























