Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարները, չնայած ամառային հանգստի շրջանին, շարունակում են բնակչությանը հուզող հարցերի եւ առաջարկների վերաբերյալ հեռախոսազանգեր ստանալ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե օգոստոսի առաջին կեսի ամփոփ տվյալներով, մասնավորապես, Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 1838 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի զգալի մասին բանավոր տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն, 440 հարց էլ ընթացք է ստացել:
Նշված ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է 264 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ եւ համապատասխան լուծումներ:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված 77 հեռախոսազանգերով ներկայացված հարցերը անմիջապես ընթացք են ստացել եւ կարգավորվել: Ի դեպ, նշենք, որ հարցերի գերակշիռ մասը կոմունալ-կենցաղային բնույթի են:





























