Երեւանի Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, այսօր որոշում է կայացվել բերման ենթարկել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, այսօր սույն գործով նախնական դատական նիստն էր, որին Սուրենյանցը չէր ներկայացել, մեղադրող դատախազը միջնորդել է նրան բերման ենթարկել, տուժող Հեղինե Սարգսյանն էլ կարծիք է հայտնել,որ կցանկանար Սուրենյանցին տեսնել դատարանում:
Սուրենյանցը հայցելով դատարանի ներողամտությունը, դատարանի գրավոր տեղեկացրել էր, որ ինքը Հրազդանի Սուրբ Գրիգոր եկեղեցու բացման արարողության կազմակերպմանը մասնակցում է որպես լրագրող եւ խմբագիր՝ խնդրելով նիստը հետաձգել, բացի այդ նա նաեւ նշել էր, որ իր շահերը պաշտպանող Կարապետ Գալստյանը գտնվում է արձակուրդում եւ կվերադառնա միայն օգոստոսի 26-ին:
Դատարանը հիմնավոր չի համարել Սուրենյանցի բացակայությունը եւ բերման ենթարկելու որոշում է կայացրել:
Ըստ մեղադրանքի՝ Ս. Սուրենյանցը 2012թ. հուլիսի 26-ին, հանդիպելով Հեղինե Սարգսյանին, նրանից տեղեկացել է, որ վերջինս ցանկանում է որդուն՝ Ռաֆիկ Սարգսյանն ընդունվի Վ.Սարգսյանի անվան ռազմական կրթահամալիր։ Ինքն էլ Հ.Սարգսյանին վստահեցրել է, որ մեծ ծանոթություն ունի եւ որոշակի գումարի դիմաց այդ հարցում կարող է նրան օգնել, որին Հ.Սարգսյանը համաձայնել է։ 2012թ–ի հուլիսի 26-ից մինչեւ 2012թ-ի սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սուրենյանցը հիշյալ պատրվակով Հ.Սարգսյանի վստահությունը չարաշահելու եւ խաբեության եղանակով նրանից մաս-մաս ստացել է խոշոր չափի ընդհանուր 530.000 ՀՀ դրամ գումար ու հափշտակել։
Ս. Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն,խափանման միջոց ընտրվելով չհեռանալու մասին ստորագրությունը:
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին:




























