Եգիպտոսի Համակարգող խորհրդի ղեկավարի կողմից «Թվիթերի» միկրոբլոգում արված գրառմանը Թուրքիայի արձագանքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայոց ցեղասպանությունը մնացել է այդ երկրի ղեկավարության կոկորդին: Մամուլի ասուիսում նման տեսակետ է հայտնել արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Ըստ նրա` Թուրքիան ցանկանում է, որպեսզի իշխանությունը մնա «Մահմեդական եղբայրներին», քանի որ այդ քաղաքական ուժը իսլամիստական է, համապատասխանում է Թուրքիայի պահանջներին:
Արաբագետը նշել է, որ հենց այդ պատճառով Էրդողանը բազմիցս քննադատել է Եգիպտոսի ռազմական ղեկավարությանը: «Թուրքիայի համար «Մահմեդական եղբայրները» բավական կանխատեսելի քաղաքական ուժ է, որին Թուրքիան կարող է կառավարել: Դրա համար Թուրքիան կշարունակի միջամտել Եգիպտոսի ներքին գործերին, թեեւ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս», - հայտարարել է Գրիգորյանը:
Եգիպտոսի ներքաղաքական իրավիճակին անդրադառնալով` արաբագետը կանխատեսել է, որ «Մահմեդական եղբայրները» կփորձեն վերադարձնել իշխանությունը, սակայն դա կանեն ընդհատակից:
Միաժամանակ Գրիգորյանը նշել է, որ այս պահին «Մահմեդական եղբայրներին» ձեռնտու չեն երկրում միջդավանանքային խնդիրները, այդ պատճառով Եգիպտոսի հայ համայնքը առայսօր զգալի կորուստներ չի կրել: Սակայն չի բացառվում, որ որոշ ժամանակ անց երկրում իրավիճակը կարող է փոխվել` հօգուտ կրոնական փոքրամասնության, կարծում է Սարգիս Գրիգորյանը:





























