Արցախի պաշտպանության բանակի  կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հիմքի վրա օգոստոսի 19-ից 21-ը անց են կացվել մասնագիտական եւ ուսումնամեթոդական հավաքներ, որոնց մասնակցում էին հանրակրթական եւ մասնագիտացված ուսումնական հաստատությունների զինղեկները:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե հավաքների ընթացքում մեկ անգամ եւս հստակեցվել են նախնական զինվորական պատրաստությանը ներկայացվող պահանջներն ու խնդիրները, շոշափվել են հայ ռազմարվեստի պատմության, քաղաքացիական պաշտպանության հարցեր, անց են կացվել տարբեր պարապմունքներ: Հավաքների ընթացքում զինղեկները հանձնել են նաեւ մասնագիտական ստուգարքներ:

Հավաքների մասնակիցներին հանդիպել են նաեւ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ Արմեն Ղահրամանյանն ու Կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, ովքեր, կարեւորելով զինղեկների դերը նախնական զինվորական պատրաստության առարկայի ուսուցման գործում, ընդգծել են այսօրինակ հավաքների նշանակությունը ինչպես մասնագիտական, այնպես էլ տարբեր ոլորտներում զինվորական ղեկավարների դերակատարման բարձրացման առումով:

Հավաքների վերջում՝ արդյունքների ամփոփման ժամանակ, լավագույն արդյունքներ ցուցաբերած զինղեկները Պաշտպանության եւ Կրթության ու գիտության նախարարների հրամաններով պարգեւատրվել են պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով: