Բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանի տան վրա ապրիլի 6-ին կատարված ավազակային հարձակման գործի դատաքննությունը ավարտվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Նրա վրա ավազակային հարձակում կատարած անձանցից մեկը` Հակոբ Սամվելի Մնացականյանին դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամկետով: Իսկ բնապտեսուչի վրա հարձակում իրականացրած մյուս անձը` 26-ամյա Դենիս Ենգիբարյանը, դեռեւս գտնվում է հետախուզման մեջ եւ չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Գեւորգյանը:
Ըստ մեղադրական եզրակացության` Հակոբ Սամվելի Մնացականյանը,նախնական համաձայնության գալով Դենիս Հակոբի Ենգիբարյանի հետ, Արթուր Գեւորգյանի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ . շուրջ մեկ շաբաթ հետեւել են վերջինիս. նրա տան անդամների տեղաշարժը, որից հետո նախապես ձեռք են բերել ՏՏ տեսակի ատրճանակներ եւ դիմակներ:եւ 2012թ.ապրիլի 6-ին ժամը 06:00 սահմաններում նրանք պարիսպի վրայով ապօրինի մուտք են գործել Ա.Գեւորգյանի առանձնատան բակ , որտեղ բակի վերջնամասում գտնվող ցախատանը դիմակավորված եւ ՏՏ տեսակի ատրճանակներով զինված , դարանակալել եւ նախապատրաստվել են ավազակային հարձակում կատարել տան իգական սեռի բնակիչների նկատմամբ: Մինչեւ ժամը 08:30-ը ցախատան պատուհանից նայել եւ սպասել են , որ Ա.Գեւորգյանը որդու հետ տանից դուրս գա. որից հետո ավազակային հարձակում կատարեն նրա կնոջ եւ դստեր նկատմամբ , սակայն նշված ժամին Արթուր Գեւորգյանը անսպասելի մտել է ցախատուն, որտեղ Հակոբ Մնացականյանն ու Դենիս Ենգիբարյանն իրենց մոտ եղած, որպես զենք հանդիսացող ատրճանակների բռնակներով, դիտավորյալ հարվածներ են հասցրել նրա գլխին, վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս , որից հետո դիմել են փախուստի եւ հանցագործությունն ավարտին չեն հասցրել :
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որա պրիլի 6-ի առավոտյան երկու դիմակավորված անձինք գողության նպատակով փորձել են մտնել Արթուր Գեւորգյանի առանձնատուն, նա դուրս է եկել եւ նրանք դաժանաբար ծեծել են բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալին` հարվածներ հասցնելով հատկապես գլխի շրջանում: Այդ ժամանակ տանը գտնվում էր նրա կինը, երեխաները, ովքեր պատրաստվում էին գնալ աշխատանքի կամ դասի:
Այս դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՔՕ-ի 35-175-րդ հոդվածի 2-րդ մասի 1,3,4 կետերով (հանցագործության նախապատրաստություն-ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ),ՔՕ-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ իրենց տնից գողություն անել ցանկացողները եւ իրեն ծեծի ենթարկողները իրենց համագյուղացիներն են եղել, ում հետ, սակայն, Գեւորգյանների ընտանիքը ոչ բարեկամական, ոչ ազգակցական կապ չի ունեցել, շփում էլ չի եղել:





























