Օլիգարխները տրանսպորտային ոլորտին չեն վնասի, անգամ՝ Երեւանի տրանսպորտային ցանցին օգուտ կտան: Լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի ուղեւորափոխադրողների ասոցիացիայի նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ այդ դեպքում օլիգարխներն իրենց գերեկամուտներից ներդրումներ կկատարեն ուղեւորափոխադրող տրանսպորտի ոլոտում: «Շատերն ասում են, որ այսինչ գիծը պատկանում է այնինչ նախարարին կամ պատգամավորին եւ այլն: Ես, պրակտիկ տեսանկյունից, դրան դեմ չեմ: Ուղեւորափոխադրող տրանսպորտի ինքնարժեքը վաղուց գերազանցում ուղեւորափոխադրման գինը: Այդ դեպքում թող օլիգարխները ներդրումներ կատարեն այդ հարցում՝ իրենց այլ եկամուտների հաշվին: Դրանից երեւանցին միայն կշահի, քանի որ մասնավոր ընկերությունները, որոնց մեջքի հետեւում ոչ ոք կանգնած չէ հազիվ է ծայրը ծայրին հասցնում»,-հայտարարել է Եղիազարյանը:

Նա ընդգծել է, որ գնալով ավելի քիչ խոշոր գործարարներ են ձգտում աշխատել քաղաքային տրանսպորտում:

Հիշեցնենք, որ հուլիսից 20-ից Երեւանի քաղաքապետարանը որոշում էր կայացրել, որ երթուղայինների եւ ավտոբուսների ուղեվարձը 100 դրամից պետք է դառնար 150դրամ: Երիտասարադկան շարժումների բողոքներից հետո, որոշումը ժամանակավոր կասեցվել է: