Արդեն մի քանի ամիս է, ինչ Վրաց ուղղափառ եկեղեցին որպես իրեն ունեցվածքն է գրանցել երկու հնամյա  մատուռներ, որոնք տեղի հայերի կողմից մշտապես ճանաչվել են որպես քրոջ եւ եղբոր վանքեր: Այդ մասին գրում է Akhaltskha.Net-ը:

«Վանքերի ինքնության մասին հավանաբար չեն պահպանվել պատմական տվյալներ, սակայն մատուռների հնամյա տեսքից կարելի է դատել նրանց ինքնության մասին:

Մատուռներից մեկի վրա կա խոյի նշանը եւ մասամբ պահպանվել է մկրտարանը: Երկրորդ մատուռը համեմատաբար ավելի լավ է պահպանված: Այնտեղ կարելի է տեսնել բարձր խորան եւ մկրտարան: Սրբավայրերի կողքին կարելի է տեսնել փոքրիկ մանկական գերեզման:

Մատուռների մոտակայքում կան հայկական արձանագրություններով քարեր, որոնք հավանաբար ժամանակին պոկվել են եւ վայր են գլորվել բարձրունքից:

Այսօր արդեն Վրաց ուղափառ եկեղեցու հոգեւորականները ժողովրդի ուղեկցությամբ այցելել են տվյալ սրբավայրերը: Հավանաբար մատուռները արդեն ունեն նոր անուններ եւ նոր պատմություն, քանզի իրական պատմության եւ վանքերի տերերը, ովքեր պետք է լինեին ժողովրդի առաջնորդներ, այսօր լուռ են եւ զբաղված (ավելի կարեւոր) կենացաճառեր ասելու գործերով»,- ասվում է կայքի ստացած գրության մեջ: