Մարսելը դարեր շարունակ համարվում է Ֆրանսիայի քրեական մայրաքաղաքը: Նավահանգստային քաղաքի խաղաղ բնակիչներն այնքան են զայրացած քաղաքում հանցավորության աճից, որ վճռել են չարի դեմ պայքարող Բեթմենին խնդրել փրկել իրենց. համացանցում հրապարակված խնդրագիրն արդեն ստորագրել է 3 հազար մարդ:
Թեեւ Մարսել են ուղարկվել լրացուցիչ 130 ոստիկան եւ 24 քննիչ՝ սպանությունները հետաքննելու համար, տեղի բնակիչները իշխանությունների գործողությունները բավականաչափ վճռական չեն համարում: Թմրանյութերի տեղափոխմամբ եւ տարածմամբ զբաղվող հանցախմբերի պատճառով Մարսելում հանցավորության մակարդակը շատ բարձր է: Ըստ France 24-ի` տարվա սկզբից արդեն 13 սպանություն է տեղի ունեցել: Օգոստոսի 22-ին զինված անձինք սպանել էին մի թոշակառուի, որը փորձել էր կողոպտիչներից պաշտպանել մեկ այլ մարդու:
Քաղաքը քնում է, եւ արթնանում է մաֆիան։ Մարսելի խաղաղ բնակիչները մտահոգված են, որ հանցագործները երբեք չեն քնում, եւ չեն էլ վախենում իշխանություններից: «Մեզ խոստանում են ավելի շատ ոստիկաններ բերել եւ նույնիսկ բանակ ուղարկել: Շուտով նրանք կխոսեն քաղաք Բեթմենին ուղարկելու մասին», — գրել է խնդրագրի հեղինակը, հայտնում է Russia Today-ը:
Մարսելի բնակիչների 30%-ը Աֆրիկայից ներգաղթյալներ են, որոնք ապրում են քաղաքի հյուսիսային թաղամասերում: 2012թ. օգոստոսի 30-ին Կալաշնիկով ինքնաձիգից սպանվել էր թմրամաֆիայի հետ կապված հանցագործներից մեկը. տարվա սկզբից դա 19-րդ սպանությունն էր: Հանցավորության աստիճանն այնքան է աճել, որ 15-16-րդ օկրուգների քաղաքապետը հայտարարել է, որ զինված հանցախմբերի ցանցերին կարող է դիմակայել միայն բանակը: Ֆրանսիայի պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները նրա խնդրանքը կտրականապես մերժել էին:




























