«Ես Իվանիշվիլիի զեբրը կամ այլ ընտանի կենդանին չեմ, որ ինձ բռնեն ու վանդակը նետեն»: Այսպես է արձագանքել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները իր հնարավոր կալանքի մասին, նաեւ Իվանիշվիլիի հայտարարությունը, թե Սահակաշվիլին կարող է քրեական պատիժ կրել:
Վրաստանի նախագահը նշել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը շատ կուրախանան, եթե ինչ-որ մեկը ձերբակալի Վրաստանի նախագահին:
«Պուտինը բազմիցս է ասել, որ Սահակաշվիլին մեռած է: Նրանք ասել են, որ շատ կուրախանան, եթե ինչ-որ մեկը ձերբակալի Սահակաշվիլիին: Բայց քանի դեռ ես կենդանի եմ եւ ազատության մեջ, Պուտինին չի հաջողվելու վերականգնել իր նախկին դիրքը հետխորհրդային տարածքում, որը նա կորցրեց 2008թ. պատերազմից հետո»,- ասել է Սահակաշվիլին:




























