ԱՄՆ Արեւելյան ափին դելֆինների անհավանական բարձր մահացության հավանական պատճառը մորբիլլիվիրուսն է, որը պատկանում է նույն խմբին, ինչ կարմրուկի վիրուսը: Նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի՝ օվկիանոսների եւ մթնոլորտի ուսումնասիրման ազգային վարչության հետազոտողները:
Ինչպես հայտարարել է վարչության ներկայացուցիչներից մեկը, առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում կանգնեցնել վիրուսի տարածումը, քանի որ չկա այնպիսի պատվաստանյութ, որը հնաավոր լինի կիրառել դելֆինների ամբողջ պոպուլյացիայի նկատմամբ:
Հետազոտողները պարզել են, որ դելֆինների օրգանիզմը շատ քիչ է ընդդիմանում մորբիլլիվիրուսին, որը, որպես կանոն, ազդում է մաշկի, լիմֆահանգույցների, թոքերի եւ գլխուղեղի վրա: Այս մասին հաղորդում է «Vesti.Ru»-ն:
Վերջին երկու ամիսներին Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Դելավերի, Մերիլենդի եւ Վիրջինիայի լողափերին հայտնաբերվել է ավելի քան 330 մահացած դելֆին:




























