Գերության մեջ գտնվել՝ նշանակում է գտնվել սահմանափակումների ռեժիմի եւ համապատասխան ազդեցության տակ: Hayeli.am-ի  փոխանցմամբ, այդ մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Օհանյանը՝ մի քանի լրատվամիջոցների խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիգուլյանի՝ համացանցում հայտնված վերջին հարցազրույցը։

«Գերության մեջ գտնվել՝ նշանակում է գտնվել սահմանափակումների ռեժիմի եւ համապատասխան ազդեցության տակ։ Իսկ այդ պայմաններում Հակոբից ակնկալել, թե նա կասի հայկական բանակի բոլոր թերությունների ու բացթողումների մասին, ադրբեջանական զինված ուժերի երազանքն էր, եւ նրանք այսօր փորձում են այդ ամենը իրականացնել, ինչը հակասում է բոլոր միջազգային նորմերին։ Մենք երբեւէ նման վերաբերմունք չենք ցուցաբերել որեւէ ադրբեջանցի ռազմագերու հանդեպ։ Մեր միակ ցանկությունն այն է, որ Հակոբը Կարմիր Խաչի օգնությամբ վերադարձվի հայրենիք։ Ինչ էլ ցուցադրեն ադրբեջանական Զինված ուժերը, մենք հարգում ենք Հակոբին որպես զինծառայող։ Նա մոլորվել է։ Հայրենիք վերադառնալուց հետո Հակոբի նկատմամբ որեւէ հետապնդում չի լինի»,- ասել է նախարարը։

Օհանյանը նշել է, որ հակառակը, իրենք հոգեբանական աջակցություն կցուցաբերեն, եւ նա կշարունակի իր ծառայությունը Հայաստանի Զինված ուժերում։ «ՊՆ–ն համագործակցում է բոլոր միջազգային, մասնավորապես Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի հետ, որպեսզի նա կապ հաստատի Ադրբեջանի Կարմիր խաչի հետ, որպեսզի կարողանանք հաղորդակցական կապ ունենալ Հակոբի հետ։ Ընդ որում, մինչ այս պահը դեռեւս նման հնարավորություն ընձեռված չէ։ Բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ադրբեջանի գերիների եւ անհայտ կորածների հանձնաժողովի գործունեությունը շատ դեպքերում  ոչ բավարար եմ համարում»,– հայտարարել է Սեյրան Օհանյանն ու հավելել, որ պատճառը միջպետական հարաբերությունների բացակայությունն է։ «Եթե չկա միջպետական կապ, անհնար է ակնկալել բարձր արդյունքներ»,– ամփոփել է Սեյրան Օհանյանը։