Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր՝ օգոստոսի 28-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին եւ Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիթովին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր` կարեւորելով հատկապես հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրավապահ մարմինների համագործակցությունը` անկախ պետական սահմաններից:
ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դեսպաններին` Իտալիայի, Ղազախստանի եւ Հայաստանի դատախազությունների միջեւ համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար եւ պարգեւատրել նրանց « ՀՀ դատախազության 95 տարի » հոբելյանական մեդալով:
«ՀՀ դատախազության 95 տարի » հոբելյանական մեդալով պարգեւատրվել է 8 դիվանագետ` Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռումինիայի, Իտալիայի եւ Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանները, ինչպես նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը եւ իրավաբանական հարցերով խորհրդատուն:




























