Կոմիտաս 5 հասցեի բնակիչները հիասթափված են Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հետ հանդիպումից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։
Հանդիպումը անարդյունավետ էր, եւ ճարտարապետը ոչ մի կառուցողական առաջարկ չի արել, ավելին՝ բնակիչները հասկացել են, որ ճարտարապետը հակառակ ճամբարից է, արդար եւ անշահ չէ։ «Նա փորձել է համոզել բնակիչներին, որ հաշտվեն եւ չշարունակեն պայքարը, ասել է, թե այդ շենքը իրենց չի խանգարելու, պահպանվել են բոլոր նորմաները, բնակիչները բերում էին հակափասատարկներ՝ ասելով, որ շինարարությունը փլուզում է վաթսունամյա վաղեմություն ունեցող կողքի շենքերը, լույսը, արեւը, տարածքը եւ այլն»,-փոխանցեց Տիգրան Խզմալյանը։
Նշենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ Կոմիտաս 5 հասցեում շինարարությունը դադարեցված է, իրենք ակտիվիստների թեթեւ խմբեր են ուղարկում, որոնք ժամանակ առ ժամանակ երեւում են տարածքում, հսկում են վիճակը։ Տիգրան Խզմալյանը նշեց, որ իրենց մշտական ներկայության պահանջը չկա, տարածքում փոքր ոստիկանական խումբ կա, որը պարբերաբար հսկում է մայթից։



























