Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հետաձգել է «Արմենիա Թուդեյ» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի հարցաքննությունը, քանի որ ֆիզիկապես ի վիճակի չի եղել պատշաճ պայմաններ ստեղծել հարցաքննության համար:
Արգիշտի Կիվիրյանը, դուրս գալով ՀՔԾ շենքից, հայտնել է, որ հարցաքննությունը հետաձգվել է մինչեւ ուրբաթ, ժամը 12-ը: ՀՔԾ տված ծանուցագրում նշված է միայն օրը, սակայն գրված չէ, թե ինչ կարգավիճակում են հրավիրել Արգիշտի Կիվիրյանին: Վերջինս մինչ այս պահը տուժողի կարգավիճակ չի ստացել, ինչը, ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի, ապօրինություն է:
Նշենք, որ այս պահի դրությամբ Կիվիրյանին պաշտպանում են երեք տասնյակ փաստաբաններ, հարյուրից ավելի փաստաբաններ էլ պատրաստակամություն են հայտնել պաշտպանել նրա շահերը: ՀՔԾ շենքի առջեւ այսօր բողոքի ակցիա է եղել՝ «Թույլ չենք տա նոր քաղբանտարկյալ» կոչով:
Հիշեցնենք, որ Կիվիրյանը օգոստոսի 24-ին բերման էր ենթարկվել Կոմիտաս 5 հասցեից եւ դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Կիվիրյանին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրա մոտ գլխուղեղի ցնցում էին ախտորոշել:
Ոստիկանությունը իր աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրգործ էր հարուցել Արգիշտի Կիվիրյանի դեմ: ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը զեկուցագիր էր գրել, իբր Երեւանի Կոմիտաս 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս՝ նույն փողոցի երթեւեկելի մասն ազատելու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ավտոմեքենայով Ա.Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել եւ բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ)։



























