Մայր Աթոռ Ս. Էջմիածնում օգոստոսի 28-29-ը գումարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի կողմից նշանակված Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի նախապատրաստական հանձնախումբի ժողովը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե Ժողովին մասնակցել են նախապատրաստական հանձնախմբի անդամներ՝ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գերաշնորհ Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը, Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը եւ սրբադասման ու ծիսական բարեկարգության հանձնախմբերի անդամներ` Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանը, Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ Գերաշնորհ Տ. Բաբգեն եպիսկոպոս Չարյանը:

Օգոստոսի 28-ին Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն ընդունել է ժողովական հայրերին եւ նրանց փոխանցել Եպիսկոպոսաց ժողովի գումարման մասին իր պատկերացումներն ու արդյունալից աշխատանքի օրհնությունները:

Երկու օրերի ընթացքում ժողովական Սրբազան Հայրերը քննարկել են Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի գումարման թվականի, օրակարգի եւ ժամանակացույցի հետ կապված հարցեր:

Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա 2013 թ.-ի սեպտեմբեր 24-27-ը Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ եւ ներկայությամբ: