Մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու հետ մեկտեղ անհրաժեշտ է գունավորել նրանց կյանքը: Այս մասին այսօր` օգոստոսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը Նա նշեց, որ Արցախում իր մշակութային գործնեությունը ծավալել է մարտից, եւ, որպես արվեստի մարդ, չափազանց հետաքրքրված էր Արցախում մշակութային ոլորտի մակարդակով: Հասնելով Մարտակերտ` պատգամավորը հետաքրքրվել է տեղի մշակույթի տան տնօրենից, թե արդյոք այնտեղ գործում են որեւէ արվեստի խմբակներ:
«Ես վերաբացեցի հինգ խմբակ: Այսօր այնտեղ գործում է նկարչական խմբակ, թատերական երգի խմբակ, ասմունքի խմբակ: Շուտով կգործի նաեւ պարի խմբակը», - հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստը` հավելելով, որ այդ հարցով դիմելու է «Կարին» ազգագրական պարի ու երգի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին:
Նա պատմեց, որ որպես իր մշակութային գործուղման կետ առաջինը ընտրել էր Մարտակերտը, քանի որ նրա ընկերներից երեքն այնտեղ մարտական ճամփա էին անցել եւ խնդրել էին, որպեսզի Մարտակերտում անպայման ցուցադրվեր «Գարեգին Նժդեհ» հայրենասիրական գեղարվեստական ֆիլմը, ուր եւ մեկնել էր պատգամավորը ֆիլմի ողջ ստեղծագործական կազմով:
Բացի այդ Մարտակերտում, Թալիշում եւ Մակառիսում հյուրախաղերով ելույթ է ունեցել նաեւ Մալյանի թատրոնը եւ կազմակերպվել են մի շարք համերգներ:
Համաձայն պատգամավորի մշակութային ծրագրի` Թալիշ գյուղում, որը գտնվում է Ադրբեջանից մոտ հիսուն կիլոմետր հեռավորության վրա, անվճար Ինտերնետ կապ է անցկացվելու եւ այժմ այդ նպատակով անցկացվում է դրամահավաք: Պատգամավորի խոսքով, Մարտակերտի գյուղերում չկա սովածություն: Ընդհակառակը օրինակ` Թալիշը բնակեցված է եւ նա նույնիսկ շատ հղի կանանց եւ երեխաների է տեսել: Նա հավելեց, որ ոչ պակաս կարեւորում է նաեւ մշակույթի տարածումը Հայսատանի սահմանամերձ Տավուշի մարզում:




























