Հասարակական 28 կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Կանանց ռեսուրսային կենտրոնին հասցեագրված սպառնալիքները:

«Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի նախօրեին խիստ նկատելի է դարձել ագրեսիվ ապատեղեկատվության տարածումը, որի հիմնական թիրախ են դարձել իրավապաշտպան կազմակերպությունները:

Վերջերս «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ բուռն քննարկումների ընթացքում նախագիծ ներկայացնող խմբակցության փոխարեն կրկին թիրախավորվում են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները:

Մասնավորապես փորձ է արվում արդարացնել օրենքում կատարվող փոփոխությունների նախագիծը, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ գործունեթյունը խեղաթյուրելու եւ կազմակերպության եւ նրա ներկայացուցիչների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք խթանելու միջոցով, ընդհուպ մինչեւ Կազմակերպության գրասենյակը պայթեցնելու սպառնալիքներ հնչեցնելով:

Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն իրականացնում խտրականության բոլոր ձեւերի վերացման ու իրավապաշտպանների պաշտպանության վերաբերյալ ստանձնած պարտավորությունները եւ միջազգային կառույցների հանձնարարականները:

Խտրականության վերացման ուղղությամբ իշխանության անգործությունը քողարկվում է ապատեղեկատվության միջոցով կեղծ հանրային պահանջ ստեղծելով, որի նպատակն է ձեւավորել խտրականության դրսեւորման օրենսդրական եւ պրակտիկ հիմքեր՝ չգիտակցելով նման վարքագծի արդյունքների վտանգավորությունը, թե՛ հանրության եւ թե՛ պետության համար:

Խստիվ դատապարտելով խտրական եւ ագրեսիվ վերաբերմունքը խթանող  ապատեղեկատվության տարածումը եւ հնչեցվող սպառնալիքները.

Հայտարարում ենք, որ Կանանց ռեսուրսային կենտրոնի նկատմամբ ցանկացած ոտնձգության անմիջական պատասխանատուն հանդիսանում է ՀՀ ոստիկանությունը,

Պահանջում ենք, որպեսզի ՀՀ ոստիկանությունը, կատարելով իր պարտականությունները, ապահովի Կանանց ռեսուրսային կենտրոնի, նրա անձնակազմի անվտանգությունը եւ բացահայտի Կազմակերպության եւ առանձին աշխատակիցների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնողների ինքնությունը»,- ասվում է հայտարարության մեջ: