Ռուսաստանում միգրանտների խնդիրը ընտրողական ֆոբիա է՝ որոշ ազգությունների եւ մշակույթների նկատմամբ: Այս մասին այսօր՝օգոստոսի 29-ի մամուլի ասուլիսում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունից:
Ըստ նրա՝ այդ խնդիրը նոր չէ, այն բավական վաղուց գոյություն ունի, եւ դժվարությամբ կարելի է դրան անվանում գտնել: «Միգրանտոֆոբիան» - սխալ անվանում է, քանի որ վերաբերում է ոչ բոլոր միգրանտներին, քանի որ Ուկրաինայից եւ Բելառուսից գնացածները ֆոբիա չեն առաջացնում: Սխալ կլինի դա անվանել նաեւ «կովկասաֆոբիա»՝ նկատի ունենալով Կենտրոնական Ասիայից արտահոսքերը: Ես կառաջարկեի «սեւաֆոբիա» եզրույթը, - նշել է քաղաքագետը:
Այդ առումով Իսկանդարյանը հիշեցրել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի խոսքերը: Ըստ ՌԴ գլխավոր դատախազի՝ 2004- 2012թթ. ծայրահեղականության հողի վրա հանցագործությունների քանակը աճել էր հինգ անգամ: « 2011 -2012թթ. Ռուսաստանում բոլոր բողոքի շարժումներն ունեցել են եւ ունեն էթնիկ կամ կրոնական բնույթ: Դա պատահական չէ», - նշել է քաղաքագետը, ընդգծելով, որ ըստ ռուսական հեղինակավոր «Լեւադոցենտրի» անցկացրած վերջին հարցման, մոսկվացիները ներգաղթյալների խնդիրն անվանել են իրենց թիվ մեկ խնդիրը, եւ նաեւ փետրվարին նույն կենտրոնի ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ խնդիրների շարքում առաջատարն են խցանումները (54%), այնուհետեւ կոմունալ վճարների թանկացումը (44%) եւ առաջին անհրաժեշտության ապրանքների բարձր գները (40%):
Նշենք, որ վերջին ժամանակներս խստացվել է Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը, մասնավորապես՝ այն աշխատանքային միգրանտների հանդեպ, որոնք խախտել են երկրի տարածքում բնակվելու ժամկետը:




























