Երկրի միգրանտների նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքի մեջ բարելավում չկա, սակայն կտրուկ վատացում էլ չի նկատվում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ի մամուլի ասուլիսում հայտնել է Մոսկվայում Կարնեգիի կենտրոնի «Կրոն, հասարակություն եւ անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոն՝ խոսելով միգրանտների նկատմամբ Մոսկվայի ներկայիս խստացված քաղաքականության մասին:
Ըստ նրա՝ այն ինչ կատարվում է երկրում, միանգամայն նորմալ է: «Ռուսաստանում ընտրողական այլատյացություն գոյություն ունի. ոչ հայերի, ոչ վրացիների նկատմամբ բացասական տրամադրվածություն չկա, իսկ, ասենք, Դաղստանից կամ Չեչնիայից եկածների նկատմամբ կա հենց այն զգացողությունը, որ նրանք օտար են», - նշել է Ալեքսեյ Մալաշենկոն: Նա նաեւ ընդգծել է, որ վերջին ժամանակներս նկատվում է միգրանտների իսլամականացում: Միաժամանակ, ըստ նրա, որ իսլամականացումն այնքան էլ վտանգավոր փաստ չէ:
Ըստ Մալաշենկոյի՝ Ռուսաստանում միգրանտների խնդիրները շատ երկար եւ տառապագին կլուծվի, քանի որ ռուսական իշխանությունները դրան վերաբերվում են ոչ բավականաչափ ըմբռնումով: Խոսելով Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավում միգրանտների հարցը որպես գործիք օգտագործելուց՝ նա նշել է, որ գրեթե բոլոր թեկնածուներն էլ օգտվում են դրանից:
«Միգրանտները եկամտի աղբյուր են, իսկ միգրանտների հոսքը սահմանափակելու մասին գաղափարը կհանգեցնի միայն անօրինական միգրացիայի աճին», - կարծում է Ալեքսեյ Մալաշենկոն, ընդգծելով, որ Ռուսաստանում այդ հարցի նկատմամբ անհրաժեշտ է նորմալ ժողովրդավարական մոտեցում:




























