Միավորված ազգերի կազմակերպությունում oգոստոսի 28-ին տարածվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարարության ս.թ. օգոստոսի 14-ի հայտարարությունը ` որպես ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի եւ Անվտանգության խորհրդի փաստաթուղթ:
Հայտարարությունում ԼՂՀ ԱԳՆ իր խորը անհանգստությունն է արտահայտում Ադրբեջանի ստահոդ արշավի կապակցությամբ, որի ամենավերջին օրինակներից են ՄԱԿ-ում նրա անդամ պետություններին ուղղված նամակի տարածումը, որով կոչ է արվում զերծ պահել իրենց քաղաքացիներին «առանց Ադրբեջանի կառավարության նախնական համաձայնության» ԼՂՀ այցելելուց, ինչպես նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից ԼՂՀ այցելելու համար անցանկալի անձ հռչակված մարդկանց ցուցակի հրապարակումը:
ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ տարված լինելով ատելության եւ թշնամանքի լեզվով՝ Ադրբեջանը եւս մեկ քայլ կատարեց սխալ ուղղությամբ եւ սպառնում է պատժամիջոցներ կիրառել ԼՂՀ այցելող երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ: Ադրբեջանի նման քաղաքականությունն ամբողջությամբ տեղավորվում է մարդու իրավունքների իր ներքին չափանիշների տրամաբանության մեջ, որն այն ձգտում է պարտադրել օտարերկրյա քաղաքացիներին: ԼՂՀ ԱԳՆ ողջունում եւ խրախուսում է օտարերկրյա քաղաքացիների՝ թե՛ պաշտոնյաների, եւ թե՛ զբոսաշրջիկների այցերը ԼՂՀ:
Նման այցելությունները եւ մարդկանց միջեւ շփումները ոչ միայն ընդհանուր առմամբ նպաստում են վստահության եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորմանը տարածաշրջանում, բայց եւ անհրաժեշտ են, որպեսզի համաշխարհային հանրությունը կարողանա ստանալ ճշգրիտ եւ անաչառ տեղեկատվություն ԼՂՀ մասին:




























