Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը պարզապես ցնցում է իր հզորությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հոգեբան, տնտեսագետ Իրինա Տոլմաչեւան:
«Հուշահամալիրում մեծ էներգիա է կուտակված, իսկ հավերժ կրակը ցրում է ողջ բացասականը եւ մնում է մաքուր ինչ-որ բան»,- նշել է Տոլմաչեւան:
Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության թանգարանում անհնար է դիտել ցուցանմուշներն ու լսել գիդի պատմածն առանց զգացմունքների. «Անկեղծ ասած, թանգարանում իմ աչքերը թրջվեցին: Ես զգացմունքային մարդ եմ, իսկ երբ տեսնում եմ մարդկանց տառապանքները, օգնելու ցանկություն է առաջանում: Ցեղասպանությունն այնքան անմիտ եւ դաժան բան է, որ անհասկանալի է, թե ինչու են նման բաներ լինում»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ից 28-ը Լեռնային Ղարաբաղ այցելած ռուսաստանցի հասարակական գործիչների պատվիրակությունն օգոստոսի 29-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդ հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել եւ այցելել Ցեղասպանության թանգարան:
Խմբի կազմում ընդգրկված են Ren-TV հեռուստաալիքի «Աշխարհի գաղտնիքները» հաղորդման հեղինակ եւ վարող Աննա Չամպանը, Ռուսաստանի Հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, հասարակական գործիչ, իրավապաշտպան Սերգեյ Կարնաուխովը, «Ռուսսկի ռեպորտյոր» ամսագրի, DairyNews գործակալության թղթակից Ալեքսանդրա Ռիժկովան եւ ուրիշներ:





























