Արգենտինական Մենդոսա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է երեք պարագվայցիներից բաղկացած խմբավորմանը, որն անօրինական գողանում էր կանացի մազեր: Երկու քույր եւ նրանցից մեկի փեսացուն հարձակվում էին փարթամ մազերով աղջիկների վրա ու բռնությամբ կտրում մազերը, հաղորդում է El Nuevo Herald հրատարակչությունը:

«Մենք կկտրենք քո մազերը»,- իր վերջին զոհին ասել է հանցագործներից մեկը: 13-ամյա աղջկա մազերը 80 սմ երկարություն են ունեցել: Քույրերից մեկը բռնել է երեխայի ձեռքերն ու ոտքերը, մինչ մյուսը կտրել է մազերը: Սակայն աղջկա բղավոցները գրավել են հարեւանների ուշադրությունը, որոնք նկատել են, թե ինչպես  են երկու կին փախուստի դիմում եւ ոստիկանություն են կանչել: Կարգազանցներին շուտով հաջողվել է ձերբակալել: Նրանց պայուսակում հայտնաբերել են գողացված վեց  «մազի հարդարանք»: Դրանք տարբեր գույնի ու տարբեր երկարության են եղել: Բացի այդ, ձերբակալվածներից մեկ մոտ հայտնաբերել են մի քանի մկրատ, հաղորդում է Russia Today-ը:

Երրորդ հանցագործին հաջողվել է ձերբակալել մի քանի ժամ անց: 32-ամյա տղամարդուն ոստիկանությունը հետեւել ու հայտնաբերել է, մինչ նա շրջել է ոստիկանության մոտ՝ փորձելով պարզել ինչ է պատահել քույրերին: Ոստիկանությունում հաղորդել են, որ հնարավոր է հանցագործները դարձյալ ազատության մեջ հայտնվեն, քանի որ մազերը սեփականություն չեն համարվում եւ դրանց գողությունը չի որակվում որպես հանցանք:

Արգենտինայում գեղեցկության սրահները մազափնջերի դիմաց առաջարկում է 200-ից 500 պեսո՝ կախված նրանց երկարությունից: Որպեսզի վարսավիրները գնեն մազեր, դրանք պետք ունենան 45 սմ երկարություն եւ պատկանեն 45 տարեկանից երիտասարդ մարդու: