ԱՄՆ-ի ԿՀՎ-ի եւ ԱԱԳ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը բացահայտել է ամերիկյան հատուկ ծառայությունների 2013թ. ստվերային բյուջեն: Պարզվում է, «թիկնոցի եւ դաշույնի ասպետներին» պահելու համար Վաշինգտոնը 52,6 մլրդ դոլար է ծախսել, գրում է The Washington Post-ը:
Թերթի ձեռքում հայտնվել է 178 էջանոց զեկույց, որում պատմվում է հատուկ ծառայությունների բյուջեի եւ ուժայինների կատարած գործողությունների մասին: ԱՄՆ-ի հետախուզությունը կազմված է 16 ծառայություններից՝ ավելի քան 107 հազ. աշխատակիցներով:
ԿՀՎ-ի ֆինանսավորման համար ԱՄՆ-ի իշխանությունները 14.7 մլրդ դոլար են հատկացրել, Ազգային անվտանգության գործակալությանը՝10,3 մլրդ, Ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչությանը՝ 10,3 մլրդ դոլար:
Ծախսերն այս մակարդակում կմնան մինչեւ 2017 թվականը:
Այս տարի ԱԱԳ-ն եւ ԿՀՎ-ն ակտիվ զբաղվում են «հարձակողական կիբեռօպերացիաներով»: Խոսքն արտասահմանի համակարգիչները եւ տեղեկատվական ցանցերը կոտրելու մասին է, նշված է զեկույցում:
Սնոուդենի հետ կապված սկանդալից շատ առաջ ԱՄՆ-ի հետախուզական ընկերակցությունը անհանգստություն էր հայտնել գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունեցող աշխատակիցների «անբնական պահվածքի» կապակցությամբ, հայտնում է rbc-ն:
«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների 700-ից ավելի աշխատակիցներ հավելավճարներ են ստանում ռուսաց լեզվի իմացության համար:
Ամերիկյան հետախույզների համար առաջնային օտար լեզուներ են իսպաներենը, ֆրանսերենը, չինարենը, արաբերենը, ռուսերենը, գերմաներենը, կորեերենը, պարսկերենը եւ պորտուգալերենը:
2725 աշխատակիցներ հավելավճար են ստանում իսպաներենի, 736-ը՝ ռուսերենի իմացության համար The Washington Post-ի տվյալով, ամերիկյան հետախուզության համար առավել կարեւոր երկրներն են Չինաստանը, Ռուսաստանը, Կուբան եւ Իսրայելը, թեեւ վերջինս ԱՄՆ-ի դաշնակիցն է:
NBC News-ը հայտնում է, թե Էդվարդ Սնոուդենը ինչպես է գաղտնի փաստաթղթերին ծանոթացել: Նա այլ մարդկանց հաշիվներով է մուտք գործել ԱԱԳ-ի ներքին ցանց: Թեեւ նա հասանելիություն է ունեցել «խիստ գաղտնի» մակագրությամբ փաստաթղթերին, դրանցից որոշները հասանելի են եղել միայն ղեկավար կազմին:





























