Խոզերի ու խոզի մսի ներկրումը Հայաստան 2013 թ. ընթացքում էապես նվազել է: Այսպես, ըստ մաքսային վիճակագրության, 2013 թ. առաջին կիսամյակում Հայաստանը ներկրել է ընդամենը 14 խոզ՝ 2012 թ. նույն ժամանակահատվածի 2100-ի համեմատ:
Խոզի միս ներկրվել է 3,9 հազ. տոննայի չափով՝ նախորդ տարվա 4,5 հազ. տոննայի համեմատ: Խոզի միս առավելապես ներկրվում է Բրազիլիայից՝ ընդհանուրի մոտ 72%-ը: Բարեբախտաբար՝ Հայաստանը խոզի միս չի ներկրում Բելառուսից, որտեղ այս օրերին մոլեգնում է աֆրիկյան ժանտախտը, ինչի հետեւանքով Ռուսաստանն ու այլ երկրներ արգելք են դրել բելառուսական խոզաբուծության արտադրանքի ներկրման վրա:
Նշենք, որ Հայաստանում մոտ 150 հազ. խոզ է հաշվառված, ընդ որում՝ սա անասնապահության ամենաարագ զարգացող ճյուղն է, աճը 2012 թ. կազմել է մոտ 34%: Հայաստանը տարեկան սպառում է մոտ 12 հազ. տոննա խոզի միս, սակայն ներքին ռեսուրսների հաշվին բավարարում է այդ պահանջարկի միայն 40%-ը: Սակայն խոզաբուծության զարգացման համար խոչընդոտ է հանդիսանում ներկրվող սառեցված խոզի մսի ցածր գինը՝ ներկրվող խոզի մսի մաքսային միջին արժեքը կգ-ի համար ընդամենը 2,5 դոլար է, կամ մոտ 1000 դրամ, այնինչ տեղական խոզի միսն արժե 2500-3500 դրամ:





























