Հատուկ քննչական ծառայությունում առանց որեւէ պատճառաբանության թույլ չեն տալիս, որ «Արմենիա Թուդեյ» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը հարցաքննվի իրեն սատարող փաստաբանների հետ: Արգիշտի Կիվիրյանը քիչ առաջ հեռախոսազրույց ունեցավ քննիչի հետ, ով ասել է, թե նա պետք է հարցաքննության բարձրանա մենակ կամ առավելագույնը մեկ փաստաբանի հետ: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, այս պահին Արգիշտի Կիվիրյանին պաշտպանելու են եկել ավելի քան 3 տասնյակ փաստաբաններ, իսկ նրան սատարելու հայտարարությանը միացել են 150-ից ավելի փաստաբաններ:

Կիվիրյանի խոսքով, քննիչը որեւէ փաստարկ, օրենքի դրույթ չի նշել, թե ինչու է խոչընդոտում փաստաբանների ներկայությանը: Այժմ Արգիշտին մեկ փաստաբանի հետ բարձրանալու է վերեւ, եւ ներկայացնելու է 30 փաստաբանի ցուցակ՝ պահանջելով, որ ապահովվի անցաթուղթ բոլոր փաստաբանների համար:

Լուսինե Սահակյանը նշեց, որ նախորդ անգամ ՀՔԾ-ից իրենց զգուշացրել են, որպեսզի հնարավորինս քիչ փաստաբան գա, քանի որ դա խանգարում է գործի քննությանը: Այդ պատճառով իրենք խնդրել են գործընկերներին, որ չգան:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հետաձգել էր Կիվիրյանի հարցաքննությունը, քանի որ ֆիզիկապես ի վիճակի չէր եղել պատշաճ պայմաններ ստեղծել հարցաքննության համար: Կիվիրյանին պաշտպանելու մտադրություն է հայտնել 150-ից ավելի փաստաբան:

Հիշեցնենք, որ Կիվիրյանը օգոստոսի 24-ին բերման էր ենթարկվել Կոմիտաս 5 հասցեից եւ դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Կիվիրյանին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրա մոտ գլխուղեղի ցնցում էին ախտորոշել:

Ոստիկանությունը իր աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրգործ էր հարուցել Արգիշտի Կիվիրյանի դեմ: ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը զեկուցագիր էր գրել, իբր Երեւանի Կոմիտաս 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս՝ նույն փողոցի երթեւեկելի մասն ազատելու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ավտոմեքենայով Ա.Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել եւ բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ)։