Երեւանի Փակ շուկայի ճակատագրի համար պատասխանատվությունը Հայաստանի մշակույթի նախարարության եւ մի շարք այլ գերատեսչությունների վրա է: Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողներին է հայտնել ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ վարչապետին հուզական նամակներ գրելու փոխարեն, նախարարության ներկայացուցիչները պետք է դուրս գային աշխատասենյակներից եւ պահանջեին դադարեցնել շինարարությունը, որը բոլոր կանոններին հակառակ է իրականացվում: «Նախարարությունը պետք է պայքարեր օրենքի պահանջներն իրականացնելու համար»,-հայտարարել է Պետրոսյանը: Մասնավորապես, շենքի վերակառուցման ժամանակ խախտվել է «Պատմական եւ մշակութային հուշարձանների պահպանության մասին» օրենքի պահանջները:

Թույլ տված սխալների համար պատասխանատվությունը կիսում են քաղաքաշինության նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը, որոնք եւս իրենց լիազորությունների շրջանակներում ոչինչ չեն ձեռնարկել:

«Ըստ օրենսդրության, հուշարձանը ցանկացած փոփոխության ենթարկելիս այդ քայլերը պետք է համաձայնեցնել կառավարության հետ: Սակայն երկու տարիների ընթացքում, երբ Փակ շուկայում աշխատանքներ են տարվում, ոչ մի անգամ այդ հարցը չի քննարկել»,-հայտարարել է Պետրոսյանը: Ավելին՝ քաղաքաշինության նախարարությունը բացահայտ սուտ է տարածում: «Նախարարը լուսանկարվում է շինության ֆոնին եւ հայտարարում, որ այնտեղ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում: Հետեւում երեւում են մերկ կամարները: Ոչ ոք պատասխանատվություն չի կրում այդ սուտի համար: Ես չեմ խոսում պաշտոններից հեռացնելու մասին, այլ՝ հենց պատասխանատվության ենթարկելու՝ մեր մայրաքաղաքի արժեքավոր հուշարձաններից մեկը ոչնչացնելու համար»,-հայտարարել է Պետրոսյանը:

«Զարմանալի չէ, որ կրպակատիրոջ հոգեբանությամբ մարդը, որը վերակառուցում է այդ շինությունը, պատկերացում չունի, թե ինչ է ճարտարապետական հուշարձանը եւ ինչու է պետք այն պաշտպանել: Իսկ ո՞վ է նրան թույլ տվել ամեն ինչ վերափոխել ըստ իր հայեցողության»,-հավելել է ճարտարապետը:

Նշենք, որ Ալեքսանյանն առայժմ չի հայտարարել, թե ինչ օբյեկտ է ցանկանում կառուցել շուկայի փոխարեն: Սակայն ճարտարապետների բազմաթիվ հայտարարությունների համաձայն՝ վերակառուցման ընթացքում նա խախտել է նախնական կառույցը՝ քանդելով ներսի կամարների մի մասը: