Սեպտեմբերի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ Երեւանի Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը:

Նա նշեց, որ ոստիկանության պետի հրահանգով` մայրաքաղաքի փողոցներում, բոլոր ուսումնական հաստատությունների մոտ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ ծառայություն կիրականացնեն նաեւ համայնքային ոստիկանության, ՊՊԶ գնդի աշխատակիցները:

Այս մեկ ամսվա ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը կաշխատի հատուկ աշխատանքային գրաֆիկով, հանգստյան օրերը, արձակուրդները կատեգորիկ հանված են, բոլոր դպրոցներին կցված են կարգախմբեր, որոնք չեն փոխվելու: Արսեն Արշակյանի փոխանցմամբ`  ճանապարհային ոստիկանությունը, որն ունի 250 հոգանոց անձնակազմ, բաժանվելու է երկու մասի, 125 ծառայող աշխատելու է առավոտյան մինչեւ ժամը 15.00-ն, դրանից հետո մինչեւ ուշ գիշեր աշխատելու է մյուս անձնակամզը:

Թեեւ սեպտեմբերի 1-ը կիրակի օր է, բայց սկսած այդ օրվանից ոստիկանները կհերթապահեն դպրոցների մոտ, կլինեն հերթապահող խմբեր առավոտյան ժամը 08.00-09.00, 11.00-13.00: Ինտենսիվ երթեւեկություն ունեցող եւ ծանրաբեռնվելու հատկություն ունեցող 18 խաչմերուկում եւս օրվա մեջ երեք անգամ հերթապահություն է կատարվելու` առավոտյան`աշխատանքի գնալու ժամին, կեսօրին` ընդմիջման ժամերին եւ երեկոյան` 17.30-20.00` տուն գնալու ժամին:  

«Ամեն ինչ պետք է անենք հարմարավետությունը ապահովելու համար, բայց եթե չունենանք մեր վարորդների աջակցությունը, դժվար կլինի այդ ամենին հասնելը: Վարորդները պետք է հասկանան, որ մեքենան պետք է հեռու կանգնեցնեն դպրոցից»,- ասաց ՃՈ պետը` կոչ անելով բոլոր վարորդներին դպրոցամերձ վայրերում լինել զգոն, չդսեւորել չշտապողականություն, չգերազանցել սահմանված արագությունը եւ ղեկին լինել սթափ վիճակում:

Արսեն Արշակյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ`յոթ ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 17 հազարով ավել տրանսպորատյին միջոց, հետեւաբար` երթեւեկությունը ծանր է լինելու, պետք է ավելի ըմբռնումով մոտենալ: «Ամեն ինչ անելու ենք, որ խցանումներ չլինեն: Եթե անգամ վթարներ լինեն,ապահովագրական ընկերությունների հետ համագործակցելով ամեն ինչ անելու ենք, որ շուտ մեքենան դուրս բերենք, որպեսզի խոչընդոտներ չլինեն»,- ասաց նա: