Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնակցել է օգոստոսի 31 ին մեկնարկող «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացված «Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը» խորագրով մոնումենտալ կոթողների լուսանկարչական ցուցահանդեսին: Այն հեղինակել է Իտալիայում դիվանագիտական առաքելություն իրականացնելու տարիներին մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ողջունելով ներկաներին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից, Արամ Սուքիասյանը խորհրդանշական է համարել փաստը, որ «Եվրոպական ժառանգության օրերը» մայրաքաղաղաքում մեկնարկում են հենց «Էրեբունի» արգելոց թանգարանից` ընդգծելով, որ Երեւանի քաղաքապետարանը այսուհետ եւս աջակցելու է նման նախաձեռնությունների իրականացմանը: Իսկ առաջիկայում էլ ավելի կսերտանա Երեւանի ու մայրաքաղաքի քույր եւ գործընկեր քաղաքների միջեւ մշակութային երկխոսությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել եւ բացման խոսքով հանդես են եկել նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին եւ ուրիշներ: Թվով 40 մոնումենտալ քանդակների լուսանկարների ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 30-ը: Ցուցահանդեսի խորագիրն ավարտվում է այցելուներին ուղղված «Սիրենք եւ միասին պահպանենք Էրեբունին» կոչով:





























