Ամերիկյան հետախուզությունը տվյալներ ունի Բաշար Ասադի կառավարության կողմից Սիրիայում քիմիական զենք կիրառելու մասին, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին օգոստոսի 30-ի մամուլի ասուլիսի ընթացքում։ Այդ տվյալներն արդեն հրապարակվել են, ասել է նա։
Ամերիկյան հետախուզությունը ճշգրիտ տվյալներ ունի, թե սիրիական զորքերը որտեղից են քիմիական սպառազինությունից կրակ բացել, ընդգծել է պետքարտուղարը։ Գրոհը նախապատրաստվել է դրանից երեք օր առաջ։
Քերրին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ասադի կողմից քիմիական զենք կիրառելու կապակցությամբ «ինչ-որ բան անելու ցանկություն ունեցող միակ երկիրը չէ»։ Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ի պատասխանը սահմանափակ կլինի։ Ընդհանուր առմամբ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով։ Քերրին նշել է, որ նախագահ Բարաք Օբաման մտադիր է նախքան Սիրիային հարվածելու որոշում կայացնելը խորհրդակցել Կոնգրեսի հետ, հայտնում է grani.ru-ն՝ վկայակոչելով CNN-ը։ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Սիրիայում քիմիական զենք կիրառելը սպառնալիք է ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար։
Ըստ նախագահի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն գործելու անկարողություն է ցուցաբերել Սիրիայում միջազգային նորմերի ակնհայտ խախտումների ֆոնին, հայտնում է BFM.RU-ն։ Օբաման հայտարարել է, որ ի պատասխան Սիրիայում քիմիական զենքի կիրառման, դիտարկում է «զուսպ, օրինաչափ գործողությունների» հնարավորությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ ԱՄՆ-ի նախագահը նաեւ ընդգծել է, որ Կոնգրեսի հետ կշարունակի այս հարցի շուրջ խորհրդակցությունները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Սիրիայի իշխանությունն իր հերթին հերքել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի խոսքերը՝ դրանք «ստահոդ» անվանելով։ ՍԱՀ-ի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Քերրին քիմիական զենք կիրառելու վերաբերյալ խոստացված անհերքելի ապացույցների փոխարեն սիրիական արեւմտամետ ընդդիմության հորինած մտացածին պատմությունն է կրկնել՝ արտաքին միջամտությունն արդարացնելու համար, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։





























