Սիրիայի նկատմամբ Վաշինգտոնից հնչեցված ուժ կիրառելու վերաբերյալ հայտարարություններն անընդունելի են։ Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի մեկնաբանության մեջ, որն արվել է ի պատասխան Սիրիայի դեմ ուժային գրոհ սկսելու ԱՄՆ-ի հայտարարությունների։

 «Լոհ Էրնի «ությակի» գագաթաժողովի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կատարելու փոխարեն, առանց Սիրիայում քիմիական զենք կիրառելու մասին լուրերը հետաքննող ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությանը սպասելու, Սիրիային ռազմական հարված հասցնելու սպառնալիքներ են հնչեցնում։ Ընդ որում, անգամ ԱՄՆ-ի դաշնակիցներն են «դադար» վերցնելու եւ ՄԱԿ-ի փորձագիտական խմբի եզրակացությանը սպասելու կոչ անում, որպեսզի ստանան օբյեկտիվ պատկերը եւ որոշեն սիրիական ճգնաժամի կարգավորման հետագա քայլերը։ Օրերս հենց նման մոտեցման կոչ էր արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։

«ՄԱԿ-ի ԱԽ-ն շրջանցող միակողմանի ցանկացած ուժային գրոհ, որքան էլ «սահմանափակ» լինի, միջազգային իրավունքի ուղղակի խախտում կդիտվի, կխորտակի Սիրիայի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հեռանկարները, կհանգեցնի նոր բախումների ու զոհերի։ Դեպքերի նման զարգացում չի կարելի թույլ տալ», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում։