Պարագվայը վերականգնել է Հարավամերիկյան ժողովուրդների միությունում (UNASUR) իր լիարժեք անդամությունը։ Երկիրը ժամանակավոր դուրս էր մնացել դրանից՝ ֆերնանդո Լուգոյի պաշտոնանկությունից հետո։

Որոշումը կայացվել է օգոստոսի 30-ին UNASUR-ի առաջնորդների Սուրինամեում մեկնարկած հանդիպման ընթացքում, որի հիմնական թեման զբոսաշրջային ոլորտում եւ առեւտրային գործունեության բնագավառում համագործակցությունն էր։ Հանդիպմանը ներկա է Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսը, որի համար այս միջոցառումը առաջին միջազգայինը կդառնա։ Հանդիպումը սկսվել է կազմակերպության ժամանակավոր նախագահությունը Պերուից  Սուրինամեին փոխանցելով, հայտնում է  «Ռոսբալտը»։

Հիշեցնենք, որ 57-ամյա «սիգարետի արքա» Օրասիո Կարտեսը Պարագվայի նախագահի պաշտոնն ստանձնել է օգոստոսի 15-ին: Նրա նախորդ Լուգոն պաշտոնից հեռացվել էր անցյալ տարվա հունիսի 22-ին՝ խորհրդարանի որոշմամբ: Մինչ նոր ընտրությունները, որոնք տեղի ունեցան այս տարվա ապրիլին,  պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել էր Ֆեդերիկո Ֆրանկոն: