ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի 13 փորձագետներից կազմված խումբը մեկնել է Սիրիայից եւ օգոստոսի 31-ի առավոտյան ժամանել է Լիբանան:
Միջազգային տեսուչները Սիրիայում զբաղված էին ենթադրյալ քիմիական հարձակման հանգամանքների հետաքննությամբ, որը տեղի էր ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի շրջակայքում: Իրենց եզրակացությունները փորձագետները կներկայացնեն մի քանի օր անց, հաղորդում է «Lenta.ru» -ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Միեւնույն ժամանակ ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Անվտանգության Խորհրդի մշտական անդամների ներկայացուցիչներին հաղորդել է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ՄԱԿ-ի փորձագետների հավաքած նյութերի վերլուծությունը կարող է երկու շաբաթ տեւել, հաղորդում է «ԱիՖ»-ը՝ վկայակոչելով Reuters-ը:
Հետաքննության արդյունքների վերաբերյալ վերջնական զեկույցը կներկայացվի այն բանից հետո, երբ լաբորատորիաներում կհետազոտեն փորձագետների հավաքած տվյալները: Ինչից հետո Բան Կի Մունը հաշվետվություն կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին:





























