Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում  քիմիական զենքի օգտագործման միջադեպը սադրանք է համարում, որը նպատակ ունի կոնֆլիկտի մեջ այլ երկրների ներքաշել: Այդ մասին նա հայտարարել է Վլադիվոստոկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հիմա էլ կառավարական զորքերը հարձակամն են անցել: Այս իսկ պատճառով ես համոզված եմ, որ սա ոչ այլ ինչ է, քան նրանց սադրանքը, ովքեր ցանակնում են սիրիական կոնֆլիկտի մեջ այլ երկրներ ներքաշել, եւ ով ցանկանում է միջազգային գործունեության հզորագույն մասնակիցների կողմից, առաջին հերթին ԱՄՆ-ի կողմից, աջակցություն ստանալ»,- պարզաբանել է Պուտինը: Սիրիական բանակի հարձակման պայմաններում խոսել այն մասին, որ քիմիական զենք կիրառել են Բաշար Ասադի ուժերը, Պուտինի կարծիքով, «բացարձակ անհեթեթություն» է, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը ՄԱԿ ԱԽ-ին ու տեսուչներին պետք է Սիրիայում կառավարական զորքերի կողմից  քիմիական զենքի կիրառման ապացույցներ ներկայացնեն: «Եթե ասում են, որ կառավարական զորքերը կիրառել են զանգվածային ոչնչացման զենք, այս դեպքում քիմիական զենք, եւ հայտնում են, որ իրենք համապատասխան ապացույցներ ունեն, ապա թող դրանք ներկայացնեն ՄԱԿ-ի տեսուչներին ու Անվտանգության Խորհրդին: Վկայակոչելով այն, որ իրենք նման ապացույցներ ունեն, սակայն դրանք գաղտնի են եւ ոչ ոքի չեն կարող ներկայացնել, որեւէ քննադատություն չեն հանդուրժում (…) Եթե իրականում կան ապացույցներ, ապա պետք է ներկայացվեն: Եթե դրանք չեն ներկայացվում, ուրեմն գոյություն չունեն»,- հայտնել է Պուտինը: