FEMEN-ի ակտիվիստուհիներn իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների պատճառով Ուկրաինայից փախել են Եվրոպա, գրված է շարժման կայքում:

«Երեկ` օգոստոսի 30-ին, FEMEN-ի ակտիվիստուհիներ Յանա Ժդանովան, Աննա Գուցոլը եւ Ալեքսանդրա Շեւչենկոն հարցաքննության էին կանչվել, ինչը նշանակում է, որ աղջիկները  «կասկածյալի» կարգավիճակից անցում են կատարում «ամբաստանյալի» կարգավիճակին: Վախենալով իրենց կյանքի եւ ազատության համար` ակտիվիստուհիներն Ուկրաինայից փախել են Եվրոպա` FEMEN-ի գործունեությունը շարունակելու նպատակով», —ասված է հաղորդագրությունում: Միաժամանակ,  FEMEN-ից հայտնել են, որ անգամ նման բռնությունները չեն խոչընդոտի շարժման գործունեությանը Ուկրաինայում, Ռուսաստանում եւ բռնատիրական այլ երկրներում:

«2013թ. հուլիսից սկսած` FEMEN միջազգային շարժման ուկրաինացի անդամները պարբերաբար ենթարկվել են հետապնդումների, դաժան ծեծի, առեւանգումների եւ բազմիցս սպառնալիքներ են ստացել իրենց հասցեին:  

Ակտիվիստուհիների նկատմամբ այդ քրեական գործողություններն իրականացվել են ռուսական եւ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից՝ նախագահներ Վ. Պուտինի եւ Վ. Յանուկովիչի պատվերով՝ որպես վրեժ Արեւելյան Եվրոպայում FEMEN-ի ակտիվ հակաբռնապետական գործունեության համար», - ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 27-ին հատուկ ծառայությունների աշխատակիցները կիեւում  FEMEN-ի գրասենյակի խուզարկման ժամանակ հայտնաբերել էին զենք եւ պայթուցիկ, ինչպես նաեւ ՌԴ-ի նախագահի եւ պատրիարք Կիրիլի պատկերները՝ թիրախի տեսքով:

Կիեւում FEMEN-ի գրասենյակում հայտնաբերել են Պուտինի եւ պատրիարք Կիրիլի թիրախի տեսքով նկարները: