ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: NEWS.am-ը ներկայացնում է ուղերձի տեքստն ամբողջությամբ.
«Իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Սա այն կարեւորագույն պետական տոնն է, որը մենք ավանդաբար նշում ենք խորին հպարտության ու պատասխանատվության զգացումով համակված: Հպարտություն` իր ազատությունն ու անկախությունը քաջ զավակների արյամբ նվաճած եւ այժմ էլ ապագան սեփական ձեռքերով կերտող մեր հերոսական ժողովրդի համար: Պատասխանատվություն` մեծագույն զոհողությունների գնով ձեռք բերած պետականությունն օր օրի ամրապնդելու, հայրենի հողը շենացնելու, սերունդներին ուժեղ ու զարգացած հայրենիք թողնելու համար: Մենք լի ենք վճռականությամբ ու հաստատակամությամբ` հաջողությամբ ու միասնաբար լուծելու այս բոլոր խնդիրները, լուծելու ամենօրյա համատեղ ու քրտնաջան աշխատանքի միջոցով, Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների գործուն աջակցությամբ: Այս տոնական օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք, զորացում ու բարգավաճում` Արցախի Հանրապետությանը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին նշում են ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձը:





























