Ամռան վերջին օրը, երեկոյան Կարապի լճի հարակից տարածքում ամփոփվել է «Երեւանյան ամառ» խորագրով ծրագիրը: Ժամը 19-ից մեկնարկած միջոցառման առաջին հատվածում մանուկների համար կազմակերպվել է տոնական համերգային ծրագիր` սիրված մուլտհերոսների մասնակցությամբ:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաեւ ազգային պարերի ուսուցում: «Երեւանյան ամառ»-ի եզրափակիչ ծրագրին մասնակցել են հայկական էստրադայի սիրված եւ ճանաչված երգիչները: Ծրագրի շրջանակում քաղաքապետարանի կողմից նաեւ հնարավորություն է ստեղծվել ներկայացնելու հայտնի հիթեր` կարաոկեի միջոցով:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս ներկա է գտնվել «Երեւանյան ամառ»-ի ամփոփիչ գեղարվեստական միջոցառմանը, երեւանցիների հետ հետեւել համերգային ծրագրին: Շրջելով տարածքում՝ Տարոն Մարգարյանը նաեւ զրուցել է քաղաքացիների հետ, ովքեր շտապել են շնորհակալություն հայտնել քաղաքապետին ամռան ընթացքում մատուցված հաճելի անակնկալների ու նախաձեռնությունների համար:
Նշենք, որ «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում վարչական բոլոր շրջաններում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում մարզամշակութային, սոցիալական, առողջապահական: Ծրագրի հիմնական նպատակը մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստն անցկացնող բնակիչների համար առօրյան առավել լիարժեք եւ հետաքրքիր դարձնելն էր:





























