ԼՂՀ-ն կայացած պետություն է` ժողովրդավարական կառավարման համակարգով եւ զարգացման մեծ ներուժով: Այս մասին նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ԼՂՀ անկախության տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձում:

Ուղերձում ասվում է.

«22 տարի առաջ Արցախի ժողովրդի կողմից կայացված որոշումը պատմական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Արցախի Հանրապետությունը կոփվեց պարտադրված պատերազմում տարած հաղթանակներում եւ այս տարիների ընթացքում ապացուցեց իր կենսունակությունը` հանդիսանալով հայության միասնության խորհրդանիշն ու մեր ազգային արժանապատվության պաշտպանության մարմնավորումը: Արցախը կարողացավ հաղթահարել սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած բարդությունները, ստեղծել ու կայացնել պետական ինստիտուտներ, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ապահովման համար բարենպաստ պայմաններ, տնտեսական ներուժի արդյունավետ իրացման հնարավորություններ:

Թշնամական բանակներն ու մահաբեր հրթիռներն իրենց նպատակին չհասան, քանզի աշխատասեր ու արդարամիտ արցախցին մինչեւ հաղթական ավարտը պայքարեց հանուն Հայրենիքի, հանուն ազատության: Ավերված քաղաքները, գյուղերը, դպրոցներն ու ենթակառուցվածքներն այլեւս անցյալում են: Ազատ Արցախն այսօր վերակառուցման փուլից թեւակոխել է զարգացման փուլ:

Միեւնույն ժամանակ, մենք շարունակում ենք ականատեսը լինել ժամանակին պատերազմ սանձազերծած եւ դրա արդյունքում պարտված թշնամու հոխորտանքներին ու սպառնալիքներին: Անշեղորեն շարունակում ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայաֆոբիան պետական մակարդակով քարոզողների քաղաքականության վրա եւ նորից շեշտում` պատերազմ չենք ուզում, սակայն պատերազմից չենք վախենում:

Սիրելի՛ արցախցիներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ անկախության տոնի կապակցությամբ: Այսօր բոլորիս համար փառավոր օր է, խաղաղություն եւ բարօրություն եմ մաղթում ձեր ընտանիքներին:

Կեցցե ՛ ազատագրված Արցախը: