Հայաստանում Բրիտանիայի դեսպանատանը սեպտեմբերի 4-ին նշել են բրիտանական կառավարության Չիվնինգ(Chevening) կրթաթոշակի 30-ամյակը, որը Մեծ Բրիտանիայում կրթություն ստսնալու ամենապատվաբեր պարգեւներից մեկն է:

Բրիտանական դեսպանատանը կազմակերպված միջոցառման ժամանակ ներկա էին նախորդ տարիների շրջանավարտներ, ինչպես նաեւ ծրագրի երեք թեկնածուներ, ովքեր 2013/2014 ուս.տարում կրթություն կստանան Մեծ Բրիտանիայի առաջավոր բուհերում:

Ինչպես նշել է Հայաստանում Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, այս տարին ծրագրին մասնակցել են աշխարհի 160 երկրի 700 ուսանող: Դեսպանը նաեւ նշել է, որ այս տարի ծրագրին սովորականի պես մասնակցել են ոչ թե երկու, այլ երեք թեկնածու՝ HSBC բանկի ֆինանսական աջակցությամբ:

«Այս կրթաթոշակն առանձնահատուկ կարեւոր է այն իմաստով, որ մենք ընտրում ենք այն ուսանողներին, ովքեր կարող են իրենց երկրի համար կարեւոր ինչ-որ նորամուծություն մտցնել: Մեր թոշակակիրները պարզապես ինտելեկտուալներ չեն: Նրանք մարդիկ են, ովքեր ինչ-որ բան փոխելու մղում ունեն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լիչը:

Նշենք, որ այս տարի Հայաստանից երեք թեկնածու է ընտրվել՝ Օքսանա Մուսայելյան, Անի Մինասյան եւ Դավիթ Մելիքյան: Հայաստանում ծրագրի ավելի քան 15 տարվա պատմության ընթացքում Չիվնինգ կրթաթոշակի շրջանակներում Բրիտանիայում կրթություն են ստացել ավելի քան 100 հայ ուսանողներ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am