Սկոպոլամինը, որը հայտնի է նաեւ որպես «Սատանայի շնչառություն» կամ «Բուրունդանգա», ճանաչվել է աշխարհի ամենասարսափելի թմրանյութերից մեկը: Այն կարող է խլել մարդու հիշողությունը եւ ազատ կամքը, գրում է The Spec.com-ը:
Բույսը տարածված է Լատինական Ամերիկայում եւ քրեական միջավայրում մարդկանց հնազանդեցնելու սիրված միջոցներից է: Համ եւ հոտ չունեցող այս բույսը հաճախ են խառնում զոհի խմիչքին: Օրինակ՝ անցյալ տարի Կոլումբիայի ոստիկանությունը հայտնել էր այդ դեղամիջոցի կիրառման շուրջ 1200 դեպքի մասին: Սկոպոլամինը ստացվում է այն նույն ընտանիքի բույսի սերմերից, որին պատկանում է նաեւ խցանածառը, հաղորդում է MedDaily.ru-ն:
Այն բժշկության մեջ օգտագործում են Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների բուժման համար: Սկոպոլամինը արգելափակում է նյարդահաղորդիչները, որոնք տեղեկությունը փոխանցում են ուղեղի այն հատված, որտեղ պահվում են կարճ հիշողությունները: Արդյունքում՝ դեղորայքն ընդունելուց հետո մարդու հետ կատարվածն ուղեղը պարզապես չի հիշում: Ընդ որում՝ դեղորայքը մարդկանց կամազուրկ է դարձնում:
Հայտնի են դեպքեր, երբ սկոպոլամինն օգտագործել են որպես ճշմարտությունն իմանալու դեղամիջոց: Իսկ 60-ականներին այդ դեղամիջոցով կասկածելի փորձարկումներ են կատարել: 70-ականներին սկոպոլամինը վերջնականապես անցել է հանցագործների զինանոց: Ճիշտ է, միջոցը չարագործների համար անարդյունավետ ազդեցություն էլ ունի. երբեմն զոհերը դառնում են շատ կատաղի եւ չափազանց դյուրագրգիռ:





























