Հայաստանի բնակչությունը էժան գազ կստանա Մաքսային միությանը միանալուց հետո: Նման կարծիք «Ուկրինֆորմին» տված մեկնաբանության մեջ հայտնել է Բլեյզերի Միջազգային ֆոնդի գործադիր տնօրեն Օլեգ Ուստենկոն:
«Հայաստանի համար Մաքսային միությանը միանալու շահը սահմանով ապրանքների ազատ փոխադրման մեջ չի կայանում, քանի որ այս գործողության տնտեսական արդյունավետությունն իրականում աննշան է: Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում եւ, որքան հասկանալի է, համաձայնությունն արդեն կայացել է, այն է՝ Ռուսաստանը կփոխհատուցի Հայաստանի բնակչությանը տրամադրվող գազի սակագների ավելացման տարբերությունը, ինչը կարել է, փաստորեն, մեկնաբանել որպես զեղչ: ՌԴ բյուջեից «Գազպրոմի» բյուջե նպատակաուղղված փոխանցումներ կիրականացվեն»,- համարում է Ուստենկոն:
Փորձագետի խոսքով ՄՄ-ին Հայաստանի միանալը տնտեսական տեսանկյունից քիչ արդյունավետ է, քանի որ այն Մաքսային միության անդամ եւ ոչ մի պետության հետ սահման չունի:
Ուստենկոն հիշեցրել է, որ ընթացող տարվա մայիսին «Գազպրոմը» Հայաստանում հազար խորանարդ մետր գազի համար գինը 190-ից բարձրացրեց 270 դոլարի: Այդ պատճառով պետությունը հարկադրված էր բնակչության համար գազը 15 տոկոսով թանկացնել՝ փորձելով գնի բարձրացումը ինչ-որ չափով փոխհատուցել բնակչության ամենախոցելի հատվածի հաշվին:
Ընդ որում, Հայաստանի, ինչպես նաեւ էներգոռեսուրսներ չունեցող մյուս պետությունների համար շատ կարեւոր է էժան գազ ունենալու հնարավորությունը: «Հայաստանը իր տարածքում գազի ներկրման հետ կապված դժվարություններ ուներ: Նրանք երկար ժամանակ փորձում էին պաշտպանվել եւ փնտրում էին գազի ներկրման այլընտրանք, հույս ունենալով Իրանի վրա, որտեղ գազը շատ ավելի էժան է ռուսականի համեմատ: Սակայն սահմանափակ ֆինանսական հնարավորությունները թույլ չտվեցին իրագործել այս ծրագիրն ու բազմազանեցնել էներգառեսուրսները: Այդ պատճառով Հայաստանը ընդունելի պայմաններով ռուսական գազի ներկրման համար բանակցություններ սկսեց»,- պարզաբանել է փորձագետը:
Ուստենկոյի կարծիքով Ռուսաստանը Հայաստանի օրինակը կծառայեցնի Ուկրաինային ՄՄ-ը միանալու արդյունավետությունը ցույց տալու համար, քանի որ վերջին տարվա փորձը ցույց է տվել՝ Բելառուսն այդ դերին այլեւս չի համապատասխանում:
«Հայաստանի շուրջ այս խաղը նրա համար է, քանի որ Ուկրաինան մոտ էր ԵՄ հետ ասոցացման պայմանագրի կնքմանը: Ռուսաստանը պատրաստ է սեփական բյուջեից փոխհատուցել Հայաստանի բնակչության գազի համար, որպեսզի ուկրաինային ցույց տա Մաքսային միությանը միանալու առավելությունները»,- համարում է Ուստենկոն:





























