Քալիֆորնիայում անթույլատրելի վայրում խարույկ վառած որսորդի մեղքով սկսված հրդեհը տարածվել է 1000 քկմ մակերեսով, ասված է ԱՄՆ-ի դաշնային անտառային վարչության հաղորդագրությունում:
Գերատեսչության ներկայացուցչի խոսքով, կրակը դուրս է եկել որսորդի վերահսկողությունից եւ արագ տարածվել: Մեղավորի անունը չի հաղորդվում: Առայժմ հետաքննությունը շարունակվում է: Ըստ դրա արդյունքների իշխանությունները կորոշեն՝ մեղադրանք ներկայացնել որսորդին, թե ոչ, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:
Բացի այդ, անտառային վարչության ներկայացուցիչները հերքել են այն լուրը, թե հրդեհը կապ ուներ մարիխուանայի ապօրինի ցանքատարածքների հետ, որն իբր հրդեհման օջախի մոտ էր գտնվում:
Այս պահին հրդեհը 80%-ով տեղայնացվել է: Այն Քալիֆորնիայի պատմության ընթացքում մեծությամբ չորրորդն է: Հրդեհը սկսվել էր օգոստոսի 17-ին, հինգ օր անց տուժած շրջաններում արտակարգ դրություն էր հայտարարվել: 110-ից ավելի շինություններ էին այրվել:




























