Սպիտակ տունը մտադիր է առաջիկա օրերին լրջորեն զբաղվել Սիրիայում ռազմական գործողություն ծավալելու անհրաժեշտության լոբբինգով։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ փոխնախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Ջոն Քերրին եւ ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնահը «հեռախոսազանգեր են կատարում»։ Սեպտեմբերի 8-ին Մաքդոնահը հանդես կգա ամերիկյան հեռուստաալւքների մի քանի թոք-շոուներում։ Սեպտեմբերի 9-ին նախագահի ազգային անվտանգությանգծով խորհրդական Սյուզան Ռայսը գործողությանն աջակցող ելույթ կունենա, նաեւ կանցկացվի հերթական գաղտնի ասուլիսը Կապիտոլիումի բլրում։

Սեպտեմբերի 11-ին Մաքդոնահը կհանդիպի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական խմբակցության հետ, հայտնել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։

Սպիտակ տունը համաձայն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն մտքին, թե Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարվածը սատարում են չորս երկրներ՝ Կանադան, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան եւ Թուրքիան։ Աշխատակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ «մեծ քսանի» 6 այլ երկրներ եւս աջակցում են ռազմական գործողություններին եւ համատեղ հայտարարություն են ստորագրել։

11 երկրների հայտարարությունը մշակվել է երկու օրում եւ վերջնական տեսք ստացել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպման ընթացքում կատարված բազմաթիվ շտկումներից հետո։  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G20-ի միակ եվրոպական առաջնորդն է, որ հրաժարվել է հայտարարությունըստորագրել՝ ԵՄ-ի միասնական մոտեցման բացակայության պատճառով, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Հիշեցնենք, «մեծ քսանի» 11 երկրներ հայտարարել էին, որ սատարում են Սիրիային ուղղված ԱՄՆ-ի գործողությունները՝ անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ի մանդատի բացակայության պարագայում։ Հայտարարությունը ստորագրել են Ավստրալիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, Իսպանիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն։

G20 անդամ 11 երկրներ կողմ են Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարձակմանը

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում հաջորդ շաբաթ Սիրիայի հարցով նախատեսված քվեարկությունը կարող է հետաձգվել առնվազն մեկ շաբաթով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ խորհրդարանական մեծամասնության առաջնորդները ենթադրում էին, որ քվեարկությունը կարող է անցկացվել մինչեւ սեպտեմբերի 9-ը, բայց աշխատակազմի ծրագրերը լուրջ ընդդիմության էին բախվել Կոնգրեսում։ Սենատը Սիրիայում ուժ կիրառելու մասին բանաձեւը կքննարկի սեպտեմբերի 11-ին, եւ դրա ընդունումը հավանական է համարվում։ Բայց Ներկայացուցիչների պալատում Սիրիայի հարցով առաջարկն առայժմ մեծամասնության սրտով չէ։